Ինչո՞ւ պետք է Ադրբեջանը մնա Եվրանեսթ ԽՎ-ի կազմում. Սուլեյմանովի նամակը Մարտին Շուլցին

168.am-ի տրամադրության տակ է հայտնվել Եվրոնեսթ խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Էլխան Սուլեյմանովի նամակը՝ ուղղված Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցին, ԵԽ-ի պատգամավորներին, Եվրանեսթ ԽՎ-ի Բյուրոյի անդամներին (բացառությամբ Հայաստանի ներկայացուցչի): Ներկայացնում ենք նամալի ոչ պաշտոնական թարգմանությունը:

«Հարգարժան Պատգամավորներ,
Եվրանեսթ ԽՎ-ում Ադրբեջանի անդամակցության վերաբերյալ Ձեզ գրում եմ որպես վերջին ատյանի: Քանի որ ԵԽ-ի շատ պատգամավորների մենք համարում ենք խաղաղության և համագործակցության լավ բարեկամներ, ցանկանում եմ ստանալ ձեր պատասխանը, լսել ձեր կարծիքը այս կարևոր հարցի շուրջ:

Փաստում եմ, որ Եվրանեսթը ձախողված և չհաջողված նախառենություն է: Այն իրենից ներկայացնում էր քննարկումների նոր միջազգային ֆորում ստեղծելու փորձ, որն այժմ ճահճացել է անվճռականությամբ, գարշելությամբ և երկակի ստանդարտներով: Թե Եվրախորհրդարանին և թե Հայաստանին, Ադրբեջանին, Վրաստանին, Բելառուսին, Մոլդովային և Ուկրաինային հուզող ամենակարևոր հարցերին համատեղ լուծումներ գտնելու փոխարեն, այն պարզապես քննարկում է նվազագույն կարևորություն ունեցող և անորոշ բնույթի հիմնահարցեր, որոնք հետևանք չեն կարող ունենալ որևիցե որոշման կամ հայտարարության վրա:

Եվ այս ամենում վատը Եվրախորհրդարանի պահելաձևն է: Ենթադրաբար վստահելի գործընկերը՝ Խորհրդարանը, երկակի ստանդարտներ է կիրառում: Ինչպես կարող է խորհրդարանը պահանջել լեգիտիմություն` միաժամանակ հավանություն տալով բաց և բարեկամական հղումներին ու նաև Ստրասբուրգի լիագումար նիստում բանաձևեր ընդունելով, որոնք հիմք են հանդիսանում մեր երկրի նկատմամբ անհիմն և լուրջ մեղադրանքների համար:

Եվրախորհրդարանը կհամագործակցե՞ր մի գործընկերոջ հետ, որը մի կողմից հրապարակում է փաստաթղթեր, որոնք նպաստում են օրենքի գերակայությանը, մյուս կողմից ակտիվորեն փորձում է միջամտել իր գործընկեր երկրի դատական գործընթացներին: Կարծում եմ՝ ոչ: Նաև չեմ կարծում, որ Ադրբեջանի խորհրդարանը պետք է լեգիտիմացնի նմանատիպ կեղծավորությունը:

Միևնույն ժամանակ, հարգելի պատգամավորներ, ցանկանում եմ հիշեցնել այն փաստը, որ չնայած որ Եվրանեսթը հայտարարված է որպես Արևելյան գործընկերների ամենահրատապ խնդիրները լուծելու հարթակ, այն գործում է այնպես, կարծես թե Լեռնային Ղարաբաղը և Ադրբեջանի հարակից տարածքները օկուպացված չեն հայերի կողմից: Չհիշատակելով և չանդրադառնալով ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և նույնիսկ ԵԽ-ի բազմաթիվ բանաձևերի խախտումներին, Եվրանեսթը ակնհայտորեն կողմնապահություն է անում հայ ագրեսորների նկատմամբ:

Բացի այդ, Հայաստանը դեռևս Եվրանեսթի ակտիվ անդամ է, չնայած այն փաստին, որ նա վերջերս ստորագրել է Եվրասիական տնտեսական միությանը միանալու փաստաթուղթը, մի որոշում, որով անվավեր է ճանաչվում նրա համագործակցությունը ԵՄ-ի հետ: Մինչդեռ ԵՄ-ի կողմից որևէ հայտարարություն դեռ չի հնչել այդ կապակցությամբ:

Հարգելի պատգամավորներ,

մենք ինչ պետք է եզրակացնենք այս ամենից: Նշանակություն չունի, ինչ էլ որ լինի, Հայաստանը կպարգևատրվի, մինչ Ադրբեջանը վիրավորված է, նրա շահերն անտեսված են, նրա օրենքի գերակայությունը շարունակաբար հարձակումների է ենթարկվում մի հաստատության կողմից, որը համագործակցության և բարեկամության կոչ է անում:

Հարգարժան պատգամավորներ,

Այդ պատճառով էլ հարցնում եմ Ձեզ. ինչո՞ւ պետք է Ադրբեջանը մնա Եվրանեսթի կազմում: Կարո՞ղ ենք մենք ակնկալել իրական հավասար վերաբերմունք: Ես ցանկանում եմ ստանալ ձեր պատասխանը«:

Հարգանքով,
Էլխան Սուլեյմանով
Եվրոնեսթ խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար

Տեսանյութեր

Լրահոս