
Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը Փարիզում պլանավորված է հոկտեմբերի վերջին

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ քննարկել են հոկտեմբերի վերջին Փարիզում երկու երկրների նախագահների նախապատրաստման հարցը:
Այս մասին նշված է ԵԱՀԿ Մինսկի խմբի տարածած հայտարարությունում: Դրանում նշված է, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները պլանավորում են շարունակել քննարկել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման առանցքային տարրերը:
Համանախագահները հույս են հայտնել, որ նախագահները կունենան արդյունավետ քննարկում` հակամարտության կարգավորման ճանապարհին առաջընթաց գրանցելու համար: Համանախագահները նաև հայտարարել են, որ մտադիր են տարածաշրջան այցելել մոտ ժամանակներս:
Համանախագահները հանդիպել են նաև ԵԱՀԿ գործող նախագահ Դիդիե Բուրկհալտերի հետ` քննարկելու համար Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցը:
Նրանք Բուրկհալտերին իրազեկել են Սոչիում ու Ուելսում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումների արդյունքների ու Փարիզում նրանց հանդիպման նախապատրաստման մասին: