«Եթե Հայաստանը չանդամակցի ԵՏՄ-ին, ապա հնարավոր է՝ այստեղ էլ լինի այն, ինչ եղավ Ուկրաինայում»
Տեղեկատվական անվտանգության մասնագետ Տիգրան Քոչարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ ԵՏՄ-ին անդամակցելը մեզ համար շահավետ է և’ տնտեսական, և’ քաղաքական առումներով:
168.am-ի այն հարցին, թե ԵՏՄ-ին անդամակցելուց հետո ինչպե՞ս պետք է լուծվի ավտոմեքենաների ներկրման հարցը, որ դրանից մեր քաղաքացիները չտուժեն, որովհետև մարդկանց մեծ մասի համար մեքենա ներկրելն ու վաճառելը դարձել է ապրուստի հիմնական միջոց, նա պատասխանեց, որ իհարկե գների բարձրացում կլինի, բայց կարելի է տեսնել նաև դրական կողմը:
«Վերջապես ինչ-որ կերպ կսահմանափակվի մեքենաների հոսքը դեպի Հայաստան և էկոլոգիական խնդիրները որոշ չափով կլուծվեն: Հնարավոր է՝ 10-15 տոկոս աճ սակագների, բայց ինչ-որ մի տարբերակ կգտնվի ամեն դեպքում, որովհետև բավականին շատ արտասահմանյան մեքենա արտադրող ընկերություններ ունեն իրենց մասնաճյուղերը Ռուսաստանում:
Ռուսական մեքենաների հոսքը կշատանա այստեղ: Մեքենաներն իրոք խնդիր են, բայց դա ոչ թե գլոբալ, այլ լոկալ խնդիր է, որը ինչ-որ կերպ կարելի է լուծել: Եթե չմիանանք Մաքսային միությանը և կորցնենք, օրինակ, էժան էներգիա ներկրելու հնարավորությունները, ապա մեքենաների հետ ոչ համեմատելի թվեր կկորցնենք»,-վստահեցրեց նա:
Տիգրան Քոչարյանը նաև նշեց, որ ցավալի է, երբ մարդիկ մտածում են, որ միանում են Ռուսաստանին, այսինքն` ժողավրդի մեծամասնությունը չի հասկանում, թե Հայաստանն ուր է գնում:
Ըստ նրա` եթե Հայաստանը չանդամակցի ԵՏՄ-ին, ապա հնարավոր է՝ այստեղ էլ լինի այն, ինչ եղավ Ուկրաինայում: