Լևոն Զուրաբյան. «Եթե Հովիկ Աբրահամյանը հրաժարական տա, նրան գալու է փոխարինի Լիսկան»
«Այս հրապարակից սկսվում է ազատագրական հեղափոխություն: Սա արյունահեղության կամ ցնցումների հետ ոչ մի կապ չունի: Մենք խոսում ենք ժողովրդի խաղաղ, վստահ ճնշմամբ կատարվող թավշյա հեղափոխության մասին»,- այսօր Աբովյանում մեկնարկած եռյակի հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Նա նշեց, որ Սուրիկ Խաչատրյանին Սյունիքի մարզպետ վերանշանակելով իշխանությունն ինքն իրեն է բնորոշում: Ս.Խաչատրյանի հասցեին որակումներ հնչեցնելու ժամանակ Լ.Զուրաբյանը հիշեց նաև հանրային վայրում գործարար Սիլվա Համբարձումյանի հանդեպ նրա վարքը:
«Կնոջը տըփ… ծեծող»,- ասաց Լ.Զուրաբյանը:
Այս ժամանակ լսվեց հանրահավաքի մասնակից մի կնոջ ձայն: «Բայց նաև ազատամարտիկ, մի´ մոռացեք…»,- ասաց կինը, որին անմիջապես էլ լռեցրին:
«Եթե Հովիկ Աբրահամյանը հրաժարական տա, նրան գալու է փոխարինի Լիսկան»,- շարունակեց Լ.Զորաբյանը՝ նշելով, որ այս իշխանության տրամաբանությունը դա է և «շմայսները, լիսկաներն են ստանալու բարձր պաշտոնները»:
Խոսելով շրջանառության հարկի հետ կապված խնդիրների մասին՝ նա նշեց, որ բոլոր կարևորագույն խնդիրները հերթով կներկայացնեն, բայց պետք է արձանագրել՝ «այս ռեժիմը սպառված է»:
«Մինչև Հայաստանից չհեռանա Սերժ Սարգսյանի ռեժիմը, այս երկիրը զարգացման ոչ մի հնարավորություն չունի: Եվ ուրեմն, սկզբից միգուցե զգուշավոր միացեք, բայց եկեք սկսենք այս կարգախոսղը վանկարկենք՝ Սեր-ժիկ հեռացի´ր»,- հայտարարեց Լ.Զուրաբյանը և կոչ արեց այս «ազգանվեր գործն անել հոկտեմբերի 10-ին Երևանում, Ազատության հրապարակում: