
Ռուբիկ Հակոբյան. Մենք մայդաններ չենք ուզում

Աբովյանում մեկնարկած եռյակի առաջին հանրահավաքի ժամանակ իր ելույթում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը անդրադարձավ Սյունիքի մարզպետի պաշտոնում Սուրիկ Խաչատրյանի վերանշանակման փաստին՝ ասելով, թե իշխանությունը հենվում է ընտրություները պերմանենտ կեղծողների վրա:
«Հասկանալի է, թե իշխանությունն իր վերարտադրման համար ինչ է անում, բայց պետք է իրեն հասկանալի լինի, որ մենք թույլ չենք տալու,- ասաց Ռ. Հակոբյանը՝ կոչ անելով օր առաջ ազատվել այս իշխանություններից,- Որևէ դեմագոգիա չի կարող հակառակն ապացուցել, կեղծիքով ընտրված որևէ իշխանություն չի կարող լավ բան անել ժողովրդի համար»:
Նա կոչ արեց իշխանությանը՝ «վերջացրեք «ապահով Հայաստան» կառուցել, եկեք նորմալ Հայաստան կառուցենք»: Ըստ նրա՝ սկսվում է համաժողովրդական շարժում և հոկտեմբերի 10-ին միասին պետք է որոշվի ՀՀ ճակատագիրը. «Մենք մայդաններ չենք ուզում: Բազմիցս դիմել ենք իշխանությանը, թե ինչ անել ժողովրդի իրավիճակը բարելավելու համար: Բայց իրենք Նարցիս են: Աչք են փակում, որ ժողովուրդն արտագաղթում է»: