Հայաստանն ու Վրաստանը քրիստոնեական օազիսներ են մուսուլմանական աշխարհում. Իլյա 2-րդ
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաց պատրիարք Իլյա 2-րդը պատրիարքարանում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Հայաստանն ու Վրաստանը քրիստոնեական օազիսներ են մուսուլմանական աշխարհում.
«Մենք ապրում ենք շատ բարդ ժամանակաշրջան: Միջազգային հարաբերությունները շատ են բարդացել: Հայաստանն ու Վրաստանը քրիստոնեական օազիսներ են մուսուլմանական աշխարհում: Հիշում եմ Վատիկանում Հռոմի պապի հետ հանդիպումը:
Նա վերցրեց ատլասն ու զննեց Հայաստանի ու Վրաստանի աշխարհագրական դիրքը, ինչից հետո ասաց, որ Հայաստանն ու Վրաստանը գտնվում են աշխարհագրական բարդ դիրքում և որ նրանք հանդիսանում են քրիստոնեական օազիսներ: Դրա համար էլ մենք պետք է հատուկ ուշադրություն տածենք միմյանց նկատմամբ:
Հաճախակի են այնպիսի դեպքերը, երբ մեր ժողովուրդների այս կամ այն ներկայացուցիչ՝ լինի նա հայ, թե վրացի, այնպիսի հայտարարություններ է անում, որոնք կարող են վնասել մեր հարաբերությունները»:
Իլյա 2-րդը հիշատակել է նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի վրացական այցը, որի ժամանակ նա Գարեգին Բ-ին հայտնել է, որ Հայաստանից Վրաստանի վերաբերյալ բացասական նամակներ են ուղարկվում ՄԱԿ-ին ու միջազգային մյուս կառույցներին.
«Ես նրան ասացի, որ այդպես չպետք է լինի: Մենք չպետք է միմյանց մասին գրենք վատը: Վրաստանը որևէ բացասական բան չի գրի միջազգային կառույցներին: Այնպես որ ես հույսեր եմ կապում ձեզ հետ, որ դուք կհասկանաք մեր մոտ լինելու նշանակությունը:
Երբ լավ է եղել Վրաստանի համար, լավ է եղել նաև Հայաստանի համար և ընդհակառակը, երբ վատ է եղել Վրաստանի համար, վատ է եղել նաև Հայաստանի համար:
Այդ պատճառով էլ մենք պետք է պահպանենք մեր հարաբերությունները: Ես ցանկանում եմ ասել, որ Վրաստանում բնակվող հայերը քաջ զգում են դա, և ես ըմբռնման համար շնորհակալ եմ նրանց»: