Բաժիններ՝

Դատարանները խեղաթյուրեցին Սյունիքի դեպքի վերաբերյալ իրականությունը. Հայկ Ալումյան. «Փաստինֆո»

Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ զինված միջադեպի գործով դատարանում քննվող գործը ցինիզմի գագաթնակետն է:

«Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում այսպիսի գնահատական տվեց աղմկահարույց, հասարակական հնչեղություն ունեցող այս գործով միակ ամբաստանյալ Արտակ Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանը:

«Այս ամբողջ դեպքի մեջ, ըստ մեր պաշտոնյաների, մնաց մեկ մեղավոր, դա էլ Արտակ Բուդաղյանն է, ով այդ դեպքի ժամանակ ծանր մարմնական վնասվածք է ստացել և կորցրել եղբորը: Մեկ մեղավոր են հայտնաբերել, որը սպառնալիքներ է տվել, ըստ իրենց, իսկ տուժողը Լորետա Բարսեղյանն է՝ Սուրիկ Խաչատրյանի կինը: Ու մենք հիմա մասնակցում ենք դատավարությանը, որպեսզի ապացուցենք այն, ինչ որ մենակ կույրը չի տեսնի քրեական գործի մեջ», – ընդգծեց պաշտպանը:

Հայկ Ալումյանը Սուրիկ Խաչատրյանի հետ կապված երկու խնդիր է տեսել ու ներկայումս էլ տեսնում է՝ մեքենայում Ավետիք Բուդաղյանին ծեծելու ու բուն առանձնատան մոտակայքում կրակոցների դրվագներում:

Թեև Սուրիկ Խաչատրյանի թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը մեքենայի մեջ ծեծն ամբողջությամբ «իր վրա է վերցրել», սակայն պաշտպանական կողմը գիտե և քրեական գործով էլ հաստատված է, որ ծեծողը կամ առնվազն ծեծողներից մեկը եղել է Սուրիկ Խաչատրյանը: «Նրան պատասխանատվությունից զերծ պահելու նպատակով թիկնապահը ցուցմունքներ է տվել՝ մեղքն ամբողջությամբ իր վրա վերցնելով, իսկ քննիչներն էլ ձևացրել են, թե չեն տեսնում այն, ինչ որ պարզ երևում է քրեական գործի մեջ»:

Ավտոմեքենայի մեջ տեղի ունեցածի վերաբերյալ քննիչը հաստատված է համարել, որ միակ ծեծողը Զարզանդ Նիկողոսյանն է, քրեական հետապնդում չի իրականացրել Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ՝ համաներման կիրառմամբ:

Պաշտպանական կողմը բողոքարկել է այդ մասով քրեական հետապնդում չիրականացնելու որոշումը՝ առաջին հերթին վիճարկելով քննիչի գնահատականները, որ Զարզանդ Նիկողոսյանը չէ ծեծողը, կամ միակ ծեծողը չէ: «Ահագին փաստարկներ ենք բերում, այդ թվում, որ Զարզանդ Նիկողոսյանը նստած է եղել, հենց ըստ իր ու մնացածների ցուցմունքների, Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայի աջ առջևի նստատեղում, իսկ ըստ նույն ցուցմունքների՝ Ավետիք Բուդաղյանը նստած է եղել վարորդի հետևը, այսինքն՝ նրանք անկյունագծով են նստած եղել մեքենայում: Եվ մենք ասում ենք, բավականին մեծ ավտոմեքենա է, դուք ստուգե՞լ եք, ընդհանրապես հնարավո՞ր է, որ այդ անկյունագծով այնտեղ նստողը ծեծի այստեղ նստողին: Այստեղ նստողն էլ այնպես չէ, որ այտը դեմ է տալու ու ասի՝ խփիր, մի հատ էլ այս այտիս խփիր, առնվազն մինիմալ դիմադրություն ցուցաբերող անձնավորություն է, ու այդ պայմաններում այնտեղից այստեղ ծեծել»,- նշեց Հայկ Ալումյանը՝ ընդգծելով, որ ակնհայտ է, որ գոնե պետք է փորձարարություն կատարվեր, համադրվեր այդ նույն Զարզանդ Նիկողոսյանի հայտարարությունների հետ, որ նա արել է Սուրիկ Խաչատրյանի խոհանոցում:

Իսկ Սուրիկ Խաչատրյանի խոհանոցում Զարզանդ Նիկողոսյանը պատմում էր Սուրիկ Խաչատրյանի մերձավորներին, թե ինչպես է դեպքը տեղի ունեցել: Անվտանգության տեսախցիկներից մեկը, որը տեղադրված էր Սուրիկ Խաչատրյանի առանձնատան խոհանոցում, նաև ձայնագրող սարք ուներ, ինչի մասին այդ պահին Սուրիկ Խաչատրյանի ընտանիքի անդամներին հայտնի չի եղել:

«Դրա համար այդպես անկեղծ ամեն ինչը քննարկել են, դրա շնորհիվ մենք ունենք մի այնպիսի նյութ, որն ինքն իրենով հերիք է, որպեսզի ցանկացած՝ իր մասնագիտությանը տիրապետող քննիչ առնվազն մի չորս հոգու մեղադրանք առաջադրեր՝ հենց միայն այդ նյութը, էլ չեմ ասում մնացած 10 հատորի մասին»,- ասաց Հայկ Ալումյանը:

Պաշտպանական կողմը նշում է նաև, որ բավականին լուրջ հիմքեր կան պնդելու, որ կռվի ժամանակ առանձնատնից նույնպես կրակոց կամ կրակոցներ են եղել: Ըստ Սուրիկ Խաչատրյանի հարազատների ցուցմունքների՝ այդ պահին առանձնատանն ուրիշ մարդ չէր էլ կարող գտնվել. բացի Սուրիկ Խաչատրյանից, մնացածը միջադեպի ժամանակ դուրս էին եկել. մի մասը՝ կանայք հիմնականում, բաժանում էին, իսկ տղամարդիկ հարձակվել էին Բուդաղյան եղբայրների վրա:

«Այսինքն՝ այստեղ էլ մենք Սուրիկ Խաչատրյանի հետ կապված տեսնում ենք լուրջ խնդիր ու նաև տեսնում ենք, որ այդ ուղղությամբ քննություն չի տարվել: Այն նյութերը, որոնք քննիչների մոտ կասկածներ պետք է առաջացնեին և այդ ուղղությամբ խորացված քննություն կատարելու տեղիք տային, կամ չեն նկատվել, կամ լղոզվել են շատ անհամոզիչ հակափաստարկների միջոցով»,- ասաց պաշտպանը:

Առանձնատնից կրակելու մասին է վկայում, ըստ դատաբժիշկ փորձագետի եզրակացության, Ավետիք Բուդաղյանին հասցված մարմնական վնասվածքներից մեկի վերևից ներքև ուղղությունը: «Եթե դեպքի վայրում, այսինքն՝ փողոցում, միևնույն հարթության վրա գտնվողներն են կրակել, ինչպե՞ս է ստացվել, որ այդ կրակոցներից մեկը ակնհայտորեն վերևից ներքև ուղղությամբ է և ինչո՞ւ է կրակոցներից մեկը, ընդ որում՝ վերջինը, այդքան տարբերվում մնացած կրակոցներից իր ձայնով»:

Հայկ Ալումյանն ընդգծեց, որ ինքը վկայակոչում է սոսկ այն ապացույցները՝ ձայնագրություն, փորձագետի եզրակացություն, որոնք ոչ մի սուբյեկտիվիզմի տարր չունեն, այսինքն՝ սուբյեկտիվ գնահատման հավանականությունը զրոյական է:

«Այսպես լղոզելով, շատ բաներ չտեսնելով, շատ բաներ չուզելով տեսնել»՝ քննիչն ի վերջո կայացրել է Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում: Նախաքննական մարմինը նաև որոշում է կայացրել սպանված Ավետիք Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը:

Պաշտպանը նկատում է, որ քննիչն իր այդ որոշմամբ Ավետիք Բուդաղյանին ճանաչում է սպանության փորձ կատարելու և միաժամանակ ծանր մարմնական վնասվածք հասցնելու մեջ մեղավոր՝ հաստատված համարելով, որ Ավետիք Բուդաղյանը հարձակվել է, սպանության փորձ է կատարել Սուրիկ Խաչատրյանի մերձավորների նկատմամբ և ծանր մարմնական վնասվածք է հասցրել Սուրիկ Խաչատրյանի մյուս թիկնապահ Նիկոլայ Աբրահամյանին:

Ավետիք Բուդաղյանի նկատմամբ որոշվում է քրեական հետապնդում չիրականացնել, որովհետև նա մահացել է: «Մենք ասում ենք, որ Ավետիք Բուդաղյանը մեղավոր չի եղել, Ավետիք Բուդաղյանին են սպանել, ընդ որում, Ավետիք Բուդաղյանն արդեն ծանր մարմնական վնասվածքներ ստացած է եղել, երբ որ իր ատրճանակն է հանել, ու դա ամեն ինչը կադրերի մեջ երևում է, արդեն մի կերպ տեղաշարժվելով, ոտքը քարշ տալով՝ հայտնվում է կադրի մեջ, այդ ժամանակ է ատրճանակ հանում, ընդամենը երկու անգամ կրակում է, այն կողմից 13 կրակոց է արձակվում»:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս