
Ադրբեջանը պետք է կատարի ԵԽ-ին անդամակցելիս ստանձնած պարտավորությունները. Բրասոր

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԽԽՎ-ի նախագահ Անն Բրասորն իր ադրբեջանական այցի արդյունքներով երեկ երեկոյան մամլո ասուլիս է տվել:
Բրասորը հայտարարել է, որ Եվրոպայի Խորհրդին անդամակցելիս Ադրբեջանը կամավոր պարտավորություններ է ստանձնել ժողովրդավարության, օրենքի գերակայության ու մարդու իրավունքների ոլորտներում, և դրանք կրում են ոչ միայն քաղաքական, այլև՝ իրավական բնույթ ու ենթակա են կատարման:
Բրասորն ընդգծել է, որ առանց ուժեղ ընդդիմության անհնար է ժողովրդավարությունը: Բրասորը նաև ուշադրություն է հրավիրել Ադրբեջանում քաղաքացիական հասարակության ակտիվիստների վերջին կալանավորումների կապակցությամբ:
Իր եռօրյա ադրբեջանական այցի շրջանակներում Բրասորը հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի, խորհրդարանի նախագահի, խորհրդարանում ներկայացված քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների, արդարադատության նախարարի, գլխավոր դատախազության, քաղաքացիական հասարակության ակտիվիստների ու կալանավորված անձանց հետ: