
Բելգիան ու Նիդերլանդները վեցական F-16 կործանիչ կտրամադրեն Իրաքում «Իսլամական պետության» դեմ պայքարին

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բելգիայի ու Նիդերլանդների իշխանությունները սեպտեմբերի 24-ին խոստացել են մասնակցել Իրաքում «Իսլամական պետություն» արմատական խմբավորման դեմ գործողություններին:
Դրա հետ կապված՝ երկու երկրները պլանավորում են վեցական F-16 կործանիչ տրամադրել ԱՄՆ-ին ու Ֆրանսիային աջակցելու համար, որոնք արդեն իսկ պատերազմում են «Իսլամական պետության» զինյալների դեմ: Ինքնաթիռները բազավորվելու են Հորդանանում:
Բացի այդ, Բելգիան ու Նիդերլանդներն ուղարկելու են համապատասխանաբար 120 և 250 հոգանոց սպասարկու անձնակազմեր: Նիդերլանդներն ուղարկելու է նաև 130 ռազմական հրահանգիչ: Բելգիան ու Նիդերլանդները միաժամանակ չեն մասնակցի Սիրիայում «Իսլամական պետության» դեմ ռազմական գործողություններին: