Էրդողանի ելույթի պատճառով չեղյալ է հայտարարվել Եգիպտոսի ու Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Եգիպտոսի ԱԳՆ-ը քննադատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին՝ ՄԱԿ ԳԱ-ի 69-րդ նստաշրջանում ունեցած ելույթի համար: Իր ելույթում Էրդողանը դեմ էր արտահայտվել համաշխարհային առաջնորդների թվում Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսիի ներկայությանը:

Բացի այդ, նա միջազգային հանրությանը մեղադրել էր Եգիպտոսում ռազմական խռովություն բարձրացրածներին աջակցելու և նախագահ Մոհամմեդ Մուրսիի պաշտոնանկության ու դրան հաջորդած հազարավոր մարդկանց սպանության վրա աչք փակելու մեջ:

Եգիպտոսի ԱԳՆ-ը դատապարտել է Էրդողանի այդ ելույթը՝ նրան հիշեցնելով, որ 2013 թվականի հունիսի 30-ին Եգիպտոսի ժողովուրդը հայտնել է իր կամքը: Եգիպտոսի ԱԳՆ-ի ներկայացուցիչ Բադր Աբդել Աթան հայտարարել է, որ Էրդողանի ելույթը լեցուն է եղել կեղծիքներով ու մտացածին բաներով:

Եգիպտոսի արտգործնախարար Սամիհ Շյուքրին չեղյալ է հայտարարել Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ երկկողմ հանդիպումը: Այդ հանդիպման նախաձեռնողը եղել է թուրքական կողմը:

Տեսանյութեր

Լրահոս