«Տարբեր հարցումները ցույց են տալիս, որ ժողովրդի մեծամասնությունը ցանկություն ունի միանալու ԵՏՄ-ին»

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Տիգրան Քոչարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ խոսելով Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամագրվելու, ենթադրվող խոչընդոտների և դրանց հաղթահարման մասին, ասաց, որ ՀՀ-ի համար ձեռնտու է միանալ ԵՏՄ-ին թե՛ տնտեսական , թե՛ քաղաքական առումներով:

«Հայաստանի միացմանը ԵՏՄ-ին կարող են խոչընդոտել նախ արտաքին ուժերը, որոնք չեն մտնում այս տնտեսական միության մեջ և կցանկանային, որ Հայաստանն այնտեղ չլիներ, դրա տակ հասկանում ենք Արևմուտքը և Եվրոպան:

Երկրորդը՝ ԵՏՄ հիմնադիր երկրների կողմից եկող խոչընդոտները կարող են լինել: Մենք տեսանք, որ ժամանակին և՛ Ղազախստանը, և՛ Բելառուսը որոշ քայլեր արեցին, որպեսզի ոչ թե խոչընդոտեն Հայաստանի մուտքը, այլ փորձեն ժամանակավոր արգելքների միջոցով Ռուսաստանի հետ ինչ-որ առուծախի մեջ մտնել և իրենց համար կարևոր տնտեսական շահ ստեղծել:

Երրորդ հնարավոր խոչընդոտը՝ Հայաստանի ներքին դիմադրությունն է, որովհետև կարող են լինել ուժեր, որ չեն ցանկանում դա: Բայց տարբեր հարցումները ցույց են տալիս, որ ժողովրդի մեծամասնությունը ցանկություն ունի միանալու ԵՏՄ-ին»,- ասաց նա:

Ըստ նրա՝ Հայաստանի համար սա առաջին հերթին քաղաքական միացում է, եթե լիներ Եվրոպայի գործոնը, կարող էինք տնտեսական շահեր տեսնել:

«Տնտեսական առումով դեռևս պարզ չէ, թե Հայաստանն ինչ օգուտ կստանա ԵՏՄ-ին անդամակցելուց, բայց եթե Հայաստանը չմիանար այդ միությանը, բավականին մեծ կորուստեներ կունենար: Հայաստանը կախված է էներգակիրներից, իսկ ԵՏՄ անդամակցելու դեպքում գների իջեցում կլինի:

Քաղաքական առումով մեր միացումը ԵՏՄ-ին ձեռնտու է առաջին հերթին Ռուսաստանին, որովհետև Պուտինի վերջին քայլերը ցույց են տալիս, որ նա փորձում է բոլոր հնարավոր տեղերում ուժեղացնել Ռուսաստանի ազդեցությունը: ԵՏՄ-ն Պուտինի համար ավելի շատ քաղաքական գործընթաց է»,- նշեց նա:

Տեսանյութեր

Լրահոս