Հասան Ռոուհանին Նյու Յորքում հանդիպել է Դևիդ Քեմերոնի հետ

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ Նյու Յորքում տեղի է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի ու Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հանդիպումը, որը կայացել է ՄԱԿ ԳԱ-ի 69-րդ նստաշրջանի շրջանակներում:

Հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ հարաբերությունները, Իրանի միջուկային ծրագիրը, Սիրիայում ու Իրաքում ահաբեկչությունից բխող վտանգները: Ռոուհանին հայտարարել է, որ Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների վերացումն ու համաձայնագրի կնքումը կնպաստի տարբեր կողմերի միջև կայուն և ընդլայնված կապերի հաստատմանը:

Նա հավելել է, որ Իրանի կառավարությունը ցանկանում է աշխարհի հետ կառուցողական փոխգործակցություն՝ հենված փոխադարձ հարգանքի վրա և Մեծ Բրիտանիայի հետ լավ և զարգացած հարաբերություններ:

Ռոուհանին հիշեցրել է, որ իրանցի ու բրիտանացի գործարարները վաղուց լավ հարաբերությունների մեջ են եղել միմյանց հետ և կոչ է արել դյուրացնել երկու երկրների միջև քաղաքացիների տեղաշարժը, զարգացնել մշակութային ու գիտական կապերը:

Քեմերոնն իր հերթին հայտարարել է, որ Իրանը մյուս երկրների նման իրավունք ունի խաղաղ նպատակներով օգտվել միջուկային էներգիայից և ողջունել է իր միջուկային ծրագրի շուրջ համապարփակ համաձայնագրի հասնելու Իրանի մտադրությունը: Ընդգծվում է, որ Նյու Յորքում տեղի ունեցած այդ հանդիպումը նման մակարդակով իրանա-բրիտանական առաջին հանդիպումն է՝ սկսած 1979 թվականից:

Տեսանյութեր

Լրահոս