Ցայժմ սիրիացի փախստականների վրա ծախսել ենք 3.5 միլիարդ դոլար. Էրդողան

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը երեկ ՄԱԿ ԳԱ-ի 69-րդ նստաշրջանի ժամանակ անդրադարձել է Սիրիայից ու Իրաքից փախստականների ներհոսքի խնդրին.

«Ներկայումս սիրիացի փախստականնների թիվը կազմում է 4 միլիոն մարդ, որոնցից 1.5 միլիոնը հանգրվանել է մեր երկրում: Մնացյալ մասն ապաստանել է Հորդանանում, Լիբանանում, Իրաքում, Եգիպտոսում և մյուս երկրներում:

Միևնույն ժամանակ հարուստ և զարգացած եվրոպական երկներն ընդունել են միայն 130.000 սիրիացի փախստականի: Համեմատե՛ք թվերը. Եվրոպայում՝ 130.000, իսկ մեր երկրում՝ 1.5 միլիոն:

Բացի այդ, Գազայի հատվածի վրա հարձակումների ժամանակ մոտ 102 վիրավոր է բերվել Թուրքիա, ուր ստանում է բուժում: Մենք ընդունել ենք Իրաքից փախած 30.000 եզդու:

Նյու Յորք գալուցս անմիջապես առաջ վերստին մեր դռները (սահմանային անցակետերը) բացեցինք Սիրիայում դժվարին իրավիճակում հայտնված քրդերի առջև ու մարդասիրական օգնություն ցուցաբերեցինք նրան:

Միայն վերջին 5 օրվա ընթացքում այդ անցակետերով Թուրքիայի տարածքում ապաստանեց Սիրիայից եկած 150.000 փախստական: Ցայժմ սիրիացի փախստականների վրա ծախսել ենք 3.5 միլիարդ դոլար: Մի՞թե որևէ մեկն օգնեց մեզ: Թուրքիան աշխարհի ամենաառատաձեռն երկիրն է՝ հաշվի առնելով երկրում մեկ շնչին բաժին ընկնող եկամուտը»:

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան շարունակելու է օգնել Իրաքի ժողովրդին՝ ահաբեկչության դեմ նրա պայքարում: Բացի այդ, նա քննադատել է Արևմուտքի քաղաքականությունը՝ հիշեցնելով, որ նա չտեսնելու է տվել նախորդ տարի Եգիպտոսում զինվորականների կողմից երկրի նախագահին տապալելը, ով ընտրվել էր ժողովրդավարական ճանապարհով՝ ընտրությունների միջոցով:

Էրդողանն Արևմուտքին քննադատել է նաև Պասղեստինում 16 լրագրողների սպանության կապակցությամբ լռելու, Իսրայելի կողմից Գազայի հատվածի շրջափակումը շարունակելու համար: Էրդողանի խոսքերով՝ Թուրքիան «մեծ ներդրում և երեսնամյա փորձ ունի» ահաբեկչության դեմ պայքարում:

Տեսանյութեր

Լրահոս