
ՊՆ քննիչը խոշոր չափերի հափշտակություններ էր կատարել. ՀՔԾ

Նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ քննչական ծառայության երրորդ կայազորային քննչական բաժնի նախկին քննիչ Արթուր Ադամյանը չունենալով ֆինանսական միջոցներ ու բավարար եկամուտներ խոշոր չափի արժեքով գույք գնելու համար, փոխարենը` առևտրային բանկերի և մասնավոր անձանց նկատմամբ ունենալով խոշոր չափերի գումարային պարտավորություններ` խարդախություն կատարելու նախնական դիտավորությամբ ծանոթացել է ավտոմեքենայի վաճառքով զբաղվող Արթուր Ալիխանյանի հետ և ընդգծելով քննչական մարմնում զբաղեցրած իր պաշտոնը` խարդախությամբ 2011թ. սեպտեմբերի 4-ին նրանից հափշտակել է 2.394.990 ՀՀ դրամ արժողությամբ OPEL VECTRA մակնիշի ավտոմեքենան, որը հետագայում վաճառել և ստացված գումարները տնօրինել է իր հայեցողությամբ:
Բացի այդ, 2014թ. հունվարի 22-ին Արթուր Ադամյանը նույն եղանակով Յաշա Հովհաննիսյանից հափշտակել է 1.465.000 ՀՀ դրամ արժողությամբ «Ֆորդ Էսքորտ» մակնիշի ավտոմեքենան: Իրական հանցավոր մտադրությունները քողարկելու, Յաշա Հովհաննիսյանի մոտ վստահություն առաջացնելու նպատակով, Արթուր Ադամյանն այս անգամ հայտնել է, թե ինքն, իբրև, կադրերի ռեզերվում գտնվող զինծառայող է և շուտով կրկին պաշտոն է զբաղեցնելու:
Արթուր Ադամյանի կալանավորվելուց հետո ավտոմեքենան հայտնաբերվել է Վրաստանի Հանրապետության Բաթումի քաղաքում` թալանված վիճակում:
Արթուր Ադամյանին, խաբեության եղանակով ուրիշների գույքի խոշոր չափերով հափշտակություններ կատարելու համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է քրեական գործի նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
ՀՀ Հատուկ քննչական ծառայություն