
Ահաբեկիչներն իշխում են Մերձավոր Արևելքի այն երկրներում, ուր ԱՄՆ-ն իրականացրել է ապօրինի միջամտություն. Լավրով

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է ՄԱԿ ԳԱ-ում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ելույթը: Լավրովը հայտարարել է, որ դա հանդիսացել է խաղաղության հարցում ամերիկյան հայացք, որում Օբաման քանիցս ընդգծել է իր երկրի բացառիկությունը:
Լավրովն ուշադրություն է հրավիրել նրա վրա, որ խաղաղության մասին խոսող ԱՄՆ-ի ազգային անվտանգության դոկտրինում գրված է, որ երկիրն իրավունք ունի որոշումներ ընդունել իր հայեցողությամբ՝ անկախ ՄԱԿ ԱԽ-ի որոշումներից կամ միջազգային-իրավական այլ ակտերից:
Լավրովը նաև նկատել է, որ Օբամայի ելույթում Ռուսաստանը ներկայացվել է որպես միջազգային խաղաղության ու անվտանգության երկրորդ սպառնալիք. «Ինչպես արտահայտվեց նախագահ Օբաման, առաջին տեղում Էբոլա վիրուսի տենդն է, երկրորդ տեղում Եվրոպայում ռուսական ագրեսիան է, իսկ երրորդ տեղում՝ արդեն «Իսլամական պետությունը», «Ալ-Քաիդան» և մյուս ահաբեկիչները, որոնք ներկայումս իշխում են Մերձավոր Արևելքում, նախևառաջ այն երկրներում, որոնցում ԱՄՆ-ն իրականացրել է ապօրինի միջամտություն՝ խախտելով միջազգային իրավունքը:
Այնպես որ կարծում եմ, որ չստացվեց խաղաղասերի ելույթը, եթե դա համեմատենք կոնկրետ փաստերը»: