
ՄԱԿ ԱԽ-ը բանաձև է ընդունել «Իսլամական պետության» դեմ պայքարի մասին

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ ԱԽ-ը երեկ միաձայն բանաձև է ընդունել, որը երկրներին պարտավորեցնում է կանխել ու կասեցնել արտասահմանում ընթացող հակամարտություններին իրենց քաղաքացիների մասնակցությունը:
Բանաձևում նշված է, որ զինված խմբավորումների համար նորակոչիկներ հավաքագրելն ու դա խրախուսելը պետք է լինի քրեորեն պատժելի: Նման որոշում է ընդունվել «Իսլամական պետության» հզորանալու կապակցությամբ:
Փորձագետների տվյալներով՝ աշխարհի ավելի քան 70 երկրի մոտ 12.000 զինյալ ծայրահեղականների շարքերում պատերազմում է Սիրիայում ու Իրաքում: Բանաձևն առաջարկել է ԱՄՆ-ը, ով սեպտեմբերին նախագահում է ՄԱԿ ԱԽ-ում:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երեկ հայտարարել է, որ այդ բանաձևը կոչված է աշխարհին հիշեցնելու ծայրահեղականությանը հակազդելու իր պատասխանատվության մասին:
Օբաման կարևորել է հաջորդ տարի համատեղ կոնկրետ քայլեր ձեռնարկելը: Օբաման Սիրիայում ու Իրաքում գործող ծայրահեղականներին կոչ է արել լքել «Իսլամական պետության» շարքերը, քանի դեռ դա հնարավոր է: