«Չեմ կարծում, որ պարոն Կոստանյանը և նախարարը կարող են դատավորի վրա ազդեցություն ունենալ». Լյուքս Սսեփանյանի մահվան գործով դատախազ (տեսանյութ)

Վերաքննիչ քրեական դատարանում այսօր Լյուքս Ստեփանյանի սպանության և Հրաչյա Սարգսյանի առողջությանը ծանր մարմնական վնաս պատճառելու մեջ մեղադրվող Դավիթ Խաչատրյանի պաշտպանների բողոքի քննության ընթացքում գործով դատախազ Արթուր Զաքարյանն ասաց, որ ամբաստանյալի և նրա պաշտպանի պատճառաբանությունները անհիմն են, չեն բխում գործի հանգամանքներից:

Մեղադրողն ասաց, որ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարնի վճիռն օրինական է, պատճառաբանված և հիմնավոր. «Իսկ պաշտպան Սարգսյանի բողոքն անհիմն է, չի բխում նախաքննությամբ և դատաքննությամբ ձեռք բերված ապացույցներից, ուստի նրա բողոքը ենթակա է մերժման»:

Մեղադրողն ասաց, որ նախաքննական մարմնի, ինչպես նաև դատարանի վրա անօրինական ազդեցություններ չեն եղել և չէին էլ կարող լինել. «Ուղղակի ենթադրել, որ այդպիսիք եղել են, անհեթեթ է»: «Ես չեմ կարծում, որ պարոն Կոստանյանը և նախարարը կարող են դատավորի վրա ազդեցություն ունենալ: Չեմ կարծում: Դա ուղղակի հանելուկ է ու չգիտեմ՝ ինչ է»,- շարունակեց նա:

Գործով մեղադրող դատախազի խոսքով՝ Դավիթ Խաչատրյանին առաջադրված մեղադրանքը, ինչպես նաև առաջին ատյանի դատարանի կողմից կայացված դատավճիռը հիմնավոր են, չեն խախտվել մարդու հիմնարար ազատություններն ու իրավունքները:

Նա նշեց նաև, որ դեպքին ականատես երեք վկաների նախաքննական և դատաքննական ցուցմունքները որևէ կերպ իրար չեն հակասել: «Ես չեմ ուզում բացառել այն հանգամանքը, նաև հակված եմ դրան, որ և՛ Խաչատրյանը, և՛ Սարգսյանը, և՛ Լյուքս Ստեփանյանը, նույն զորակոչի զինվորներ լինելով, իրականում ունեցել են նորմալ հարաբերություններ: Հաստատ արյունակցական թշնամիներ չեն եղել:

Ես համոզված եմ դրանում, սակայն որևիցե մեկն ինձ չի կարող ասել, որ դեպքին նախորդող հանգամանքը կարող էր առնչվել մնացած իրենց հարաբերությունների հետ:

Բայց ինչպես հասկացանք, Լյուքս Ստեփանյանի հետ այնքան մետրիմ չի եղել, ինչքան մյուս ականատես վկաների և մյուս տուժողի հետ: Գտնվում են նաև՝ որքան դժվար է վկաների համար, երբ նրանք գալիս են դատարան, հրապարակայնորեն ցուցմունքներ են տալիս:

Մի կողմից ունեն արդեն անշնչացած ընկեր, մի կողմից՝ արդեն կիսով մարդ դարձած ընկեր, մի կողմից՝ էլի ընկեր, որը դատավճռի պայմաններում ինչքան ապրել է, միգուցե այնքան էլ կրի հասարակությունից զերծ:

Պատրեկարացնում եմ նրանց ներքին անհանգստությունը, իհարկե, նաև հարցաքննության ժամանակ ինչ-որ փաստեր շփոթելը, լիարժեք չասելը: Մենք ականատես վկաներ ունեցանք, որոնք նույնպես շփոթության մեջ ընկան, սակայն երբ հրապարակվեց նրանց նախաքննական ցուցմունքը, նա միանշանակ պնդեց, որ նախաքննական ցուցմունքը իր տված ցուցմունքն է, որևիցե ապօրինի ազդեցությունից զերծ և ամբողջությամբ իրականությանը համապատասխանող»,- ասաց նա:

Մեղադրողը նշեց, որ, վերլուծելով ականատես վկաների, ինչպես նաև ամբաստանյալի ցուցմունքները՝ հիմնավոր է համարում, որ Դավիթ Խաչատրյանի ցուցմունքները չեն համապատասխանում իրականությանը և այդ կերպ նա ցանկանում է մեղմել իր կողմից կատարած գործողությունները. թաքցնել իր կողմից դիտավորյալ կրակող արձակելու հանգամանքը: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արմեն Սարգսյանն էլ ասաց, որ տուժող կողմի դիրքորոշմամբ՝ առաջին ատյանի դատարանի վճիռն օրինական է, հիմնավորված, պատճառաբանված և պաշտպանական կողմի միջնորդությունն ամբողջությամբ պետք է մերժվի:

Տեսանյութեր

Լրահոս