Պ. Մակեյան. «Սրանք չեն կարող հանդուրժել այդ էրեխու գոյությունը, որը պաշտպանել է իր հորը»
«2013 թվականի նոյեմբերի 5-ին Շանթ Հարությունյանի ու նրա ընկերների կազմակերպած անհնազանդության աղմկահարույց գործով ընթացքող դատավարությունը մեզ բոլորիս վեևադարձրեց 2008-10 թվականների քաղաքական դատավարություններին, ինչն ավելորդ անգամ փաստում է, որ վարչախմբի գործելավոճի մեջ ոչինչ չի փոխվել, առավել ևս մեղադրողի պահանջած պատժաչափերը, հատկապես, Շանթի որդու մասով, ոչ այլ ինչ, քան քաղաքական վենդետա, չես կարող բնութագրել». ասված է «Ժողովրդական հայրենիք» կուսակցության՝ Շանթ Հարությունյանի և նրա ընկերերի գործի առնչությամբ արված հայտարարության մեջ:
Կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ ինքը Շանթ Հարությունյանի հետ վաղուց է ծանոթ՝ շուրջ 2 տասնամյակ, և այն, ինչ Շանթն արեց իր ընկերների հետ, չի ուզում՝ քննարկվի. «Դա հասարակությունը տարբեր ձևով է բացատրում, մարդիկ տարբեր ձևով են ընկալել, բայց դա լուրջ ազդակ էր: Բայց այն, ինչ մեղադրողն է պահանջել Շանթի և հատկապես նրա որդու հետ կապված, պարզապես խայտառակություն է: Այն օրը իրավաբաններից մեկն էլ էր ասում, որ նույնիսկ Սովետի ժամանակ մի ընտանիքից երկու մարդ չէին դատում: Հիմա Շանթին ու որդուն, այդ 15 տարեկան էրեխուն դատում են: Սրանք վրեժխնդրության այնքան բան ունեն, որ չեն կարող հանդուրժել այդ էրեխու գոյությունը, որը պաշտպանել է իր հորը: Ու բռնել այսպիսի հոդված դնե՞լ, սա, կներեք, մեր բոլորի ամոթն է»:
Լրագրողի հարցին՝ հնարավո՞ր է որոշումը փոխվի, Պ. Մակեյանն այսպես պատասախեց. «Կարծում եմ՝ շատ չի փոխվի, կարող է տարիները փոխվի, կամ այդ էրեխուն տան պայմանական, բայց միևնույն է՝ արդեն իրենք, մեղադրականը ներկայացնելով, իրենց խայտառակ տեսակը, կերպարը բացահայտել են»: