
ԵԱՀԿ-ի առաքելությունը Ուկրաինայի արևելքը բաժանելու է 5 պայմանական սեկտորի

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` ԵԱՀԿ-ի առաքելությունը Ուկրաինայի արևելքը բաժանելու է 5 պայմանական սեկտորի, որոնց անվտանգությանը կհետևի կազմակերպության մոտ 350 դիտորդ: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Անդրեյ Կելինը:
Նրա խոսքերով` Լուգանսկում ու Դոնեցկում գործելու է 90-100-ական դիտորդ, իսկ Կրամատորսկում, Մարիուպոլում ու Անտրացիտում` 50-ական դիտորդ: Կելինի խոսքերով` Գերմանիան պատրաստ է ԵԱՀԿ-ի կարիքների համար Ուկրաինա ուղարկել մինչև 10 մարտական անօդաչու թռչող սարք ու 100 հոգանոց անձնակազմ:
Սեպտեմբերի 21-ին ԵԱՀԿ-ը հայտնել էր, որ Ուկրաինայի արևելք է ուղարկվել կազմակերպության 80 ներկայացուցիչ: Ավելի ուշ ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը հայտարարել էր, որ պլանավորված է հակամարտության գոտում դիտորդների թիվը մեծացնել 6 անգամ` մինչև 500 մարդու: