Սերժ Սարգսյան. Մեզ համար ինքնորոշման իրավունքը հիմնարար սկզբունք է. panorama.am

Իտալական առաջատար «Corriere della sera» օրաթերթը սեպտեմբերի 21-ի համարում հրապարակել է հարցազրույց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Հարցազրույցում, որը վերնագրվել է «Ռուսաստանի և Արևմուտքի բախման պարագայում Հայաստանը երրորդ ուղին է մատնացույց անում» (La mia Armenia indica la terza via nello scontro fra Russia e Occidente), անդրադարձ է կատարված Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների համատեքստում Հայաստանի դիրքորոշմանը, մերձավորարևելյան ճգնաժամին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի և Հայոց ցեղասպանության խնդիրներին:  Ներկայացնում ենք հարցազրույցի՝ Panorama.am-ի ոչ պաշտանական թարգմանությունը

«Հայաստանի նախագահ Սարգսյան. Թուրքիայից ակնկալում ենք Ցեղասպանությունն իր անունով կոչել»

«Հայաստանի կենսական շահը», հաշվի առնելով դրա պատմության և աշխարհագրության առանձնահատկությունները, հիմնված է Արևելքի և Արևմուտքի հետ կառուցողական համագործակցության վրա: Ավելին՝ գերտերությունների հակասություններից օգտվելը վտանգավոր է փոքր երկրների համար: Մենք ինտենսիվ ռազմավարական և տնտեսական հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ, Մոսկվայի հետ միասին հավաքական անվտանգության համակարգի մաս ենք կազմում:

Միևնույն ժամանակ շատ լավ հարաբերություններ ունենք Ամերիկայի Միացյալ Նահանգների, Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ: Այսպիսով, նրանց միջև հարաբերությունների լարվածության դեպքում մենք ընտրում ենք անկողմնակալությունը: Մենք մեր արտաքին քաղաքականությունը կողմնորոշում ենք դեպի կոնկրետ հարցերի լուծում»,- Վատիկան այցելության կապակցությամբ Հռոմում գտնվող Հայաստանի Նախագահ Սերժ Ազատի Սարգսյանն ասում է թերթին:

Կարդացեք նաև

– Կարո՞ղ եք որևէ կոնկրետ հարցի օրինակ բերել:

– Երբ ՄԱԿ Գլխավոր ասամբլեան Ղրիմի վերաբերյալ բանաձև ընդունեց, Հայաստանը դեմ քվեարկեց: Ոչ թե այն բանի համար, որ Ռուսաստանն էլ էր նույնն արել, ինչպես գուցե ենթադրում եք: Դուք գիտեք, որ Հայաստանը ներգրավված է Լեռնային Ղարաբաղի գործընթացում` մեծամասամբ հայերով բնակեցված մի տարածք, որն անկախություն է հռչակել Ադրբեջանից: Մեզ համար ժողովուրդների ինքնորոշման իրավունքը հիմնարար սկզբունք է: Եվ մենք մերժում ենք այն մոտեցումը, որ համընդհանուր ընդունված սկզբունքի գործադրման համար պետք է թույլտվություն հայցել:

– Բայց դա կարող է վտանգել միջազգային հավասարակշռությունը` հիմնված տարածքային ամբողջականության և առկա սահմանների անվտանգության վրա:

– Գոյություն ունեն արժեքներ, որոնք խմբագրման ենթակա չեն: Հիշում եմ, որ ԽՍՀՄ փլուզման ժամանակ Եվրոպան անվերապահորեն աջակցեց ինքնորոշման իրավունքին: Հայաստանը, Ադրբեջանը, Ուկրաինան անկախացան այդ նույն գործընթացի ժամանակ: Կնշանակի, որ մենք աջակցում ենք այս իրավունքի իրականացմանը միայն մե՞ծ տարածքային միավորների դեպքում, ինչպիսին էր ԽՍՀՄ-ը, և ավելի փոքր տարածքների դեպքում՝ ո՞չ: Գանք ավելի մոտ՝ Կոսովոյի անկախությունը. ոչ մի տարբերություն Լեռնային Ղարաբաղի հետ:

-Այսինքն, Կոսովոյի և Ղրիմի միջև տարբերություն չկա՞:

– Ինձ իրավունք չեմ վերապահում դատելու Ղրիմի դեպքը: Բայց ակնհայտ է, որ տեղի է ունեցել ինքնորոշման իրավունքի իրացում: Ամեն դեպքում, մենք չենք տեսնում հակասություն ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության սկզբունքի միջև: Երկուսն էլ Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության հիմնարար սկզբունքներ են:

– Սակայն, Ղրիմն իր իրավունքից օգտվելիս փաստորեն խախտեց Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը…:

– Վերջին 40 տարիների ընթացքում ՄԱԿ-ի անդամների թիվը գրեթե կրկնապատկվել է: Դա օբյեկտիվ գործընթաց է և զերծ բռնություններից: Հայկական խնդրի դեպքում մենք մերժում ենք բռնությունն ու խտրականությունը, որ ցուցաբերվում է հազարամյակներ շարունակ իր տարածքում ապրող ժողովրդի դեմ: Եվ պետք է գործադրել բոլոր ջանքերը՝ բռնությունը կանխելու համար: Ի վերջո, ի՞նչ են խնդրում մարդիկ, եթե ոչ՝ ապրել ու բարգավաճել մի տարածքում, որտեղ ապրում են հազարավոր տարիներ: Եթե դա հնարավոր լիներ, ապա անջատվելու պահանջի անհրաժեշտություն չէր լինի:

– Որո՞նք են Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման հեռանկարները:

– Երկար բանակցությունները հանգեցրին կարևոր արդյունքների` կարգավորման շրջանակ, որը հիմնված է երեք սկզբունքների վրա. ուժի կամ դրա կիրառման սպառնալիքի մերժում, տարածքային ամբողջականություն և ինքնորոշում: Սակայն վերջին իրադարձությունների լույսի ներքո խնդրի լուծումը մեզ դեռ հեռու է թվում:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս