Արամ Մանուկյանը բացահայտեց, թե ինչու «մերոնք թեքվեցին Արևմուտքից դեպի Մաքսային միություն»

ՀԱԿ պատգամավոր. «Սերժ Սարգսյանը, կեղծիքներով, բանտերը լցնելով, եկավ իշխանության, բայց Եվրոպան անգամ չպաշտպանեց քաղբանտարկյալներին»

«Շոտլանդիայի օրինակը շատ հետաքրքիր է, ափսոսանք եմ ապրում, ես եղել եմ Շոտլանդիայում, խնդիրը ուսումնասիրել եմ, եղել եմ պառլամենտում, բավականաչափ գիտեմ»,- այսօրվա ասուլիսում այս մասին ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Հիշեցնենք, որ Շոտլանդիայի անկախության մասին հանրաքվեի ժամանակ Շոտլանդիայի ինքնիշխանության օգտին քվեարկել էր 44.58 տոկոսը, դեմ էր արտահայտվել 55.42 տոկոսը:

Ըստ Արամ Մանուկյանի՝ Շոտլանդան մի տակտիկական սխալ թույլ տվեց, երբ 15 օր առաջ հայտարարեց իրենց հաջողությունների և ժողովրդի իրական տոկոսի մասին.

Կարդացեք նաև

«52% էքզիթ-փոլ էր: Երբ հայտարարվեց, որ ժողովրդի 52%-ը կողմ է անկախությանը, ամբողջ աշխարհը հարձակվեց խեղճ Շոտլանդիայի վրա: Անգլիացիները, նույնիսկ այնպիսի քաղաքական կուսակցություններ, որոնք երբեք մի սեղանի չեն նստում, բոլորը հավաքվեցին ու գնացին համոզելու, վախեցնելու Շոտլանդիայի ժողովրդին: Ամբողջ Միացյալ Նահանգները, շատ լուրջ միջազգային կառույցներ, երկրներ ուղղակի հարձակվեցին՝ խեղճացնելու, չթողնելու Շոտլանդիայի անկախությունը»:

Ա. Մանուկյանը նկատեց, որ քանի որ այդպես մտածողներ կային նաև ներսում, հատկապես կանայք, սկսեցին տարածել այն վախը, թե ինչ կարող է լինել Շոտլանդիայում դրա հետևանքով. «Իսկապես, որ կարող էր Շոտլանդիայի հետ շատ բացասական ազդեցություններ առաջանալ, դա հիմնականում նրա ֆինանասկան խնդիրն է: Ու, ցավոք սրտի, սկզբի այդ դրական մեսիջը մեսիջ եղավ բոլորին, որպեսզի խեղդեն այդ մեսիջը, ու Շոտլանդիան քվեարկեց, ցավոք սրտի, ընդամենը 45% անկախության համար»:

Ա. Մանուկյանը կարծում է, որ Շոտլանդիան բոլոր առումներով առավել է, քան Անգլիան. «Կրթությունը, մշակույթը, սպորտը՝ բոլոր առումներով ինքը ավելի բարձր է, քան Մեծ Բրիտանիայի միջինը: Բայց պատմականրեն այդ մարդկանց մեջ ազատության մղումը ահավոր ծանր նստած է: Իրենք այնքան պատմական են, այնքան ազգային են, այնքան ինքնուրույն են, որ անգամ վնասների դեպքում, ամբողջ ազգով ուզում են գնալ այդ ինքնուրույնությունը, պատմական ուժեղությունը զգալ»:

Ըստ նրա՝ եթե Շոտլանդիան անկախության հասներ, դա նոր շունչ կբերեր Եվրոպային. «Եվրոպան այսօր հոգնած է, նա իր ինքնասիրահարվածության վրա այնքան է ծանրացել, որ չի տեսնում՝ ինչ է կատարվում: Մեր օրինակը. ես միշտ եվրոպացիներին քննադատել եմ, ախր չէ՞ որ մենք ձեզ սիրում էինք, երազում էինք Եվրոպայի մասին, հավատում էինք եվրոպական արժեքներին, դուրս ենք եկել հրապարակ եվրոպական արժեքներ պաշտպանելու ու դուք մեր կողքի՞ն չեք, գնում եք կեղծիքով ընտրածի՞ն եք պաշտպանում: Էլ ո՞նց հավատա մեր ժողովուրդը: Հենց սրա արդյունքում էր, որ մերոնք համեմատաբար թեքվեցին Արևմուտքից դեպի Մաքսային միություն, Ռուսաստան: Սերժ Սարգսյանը, կեղծիքներով, բանտերը լցնելով, եկավ իշխանության, բայց Եվրոպան անգամ չպաշտպանեց քաղբանտարկյալներին՝ բացառությամբ որոշ դեպքերի»:

 

 

Տեսանյութեր

Լրահոս