«Կրթության գերազանցության ազգային ծրագիր». Վերապատրաստված ուսուցիչները կստանան 400 հազար դրամ աշխատավարձ
ՀՀ ԿԳ նախարարությունը և «Այբ» կրթական հիմնադրամը, համագործակցելով Քեմբրիջի համալսարանի և Լոնդոնի կրթության ինստիտուտի հետ, մեկամյա նախապատրաստական աշխատանքներից հետո, սկսում են մեծամասշտաբ կրթական նախաձեռնություն, որը կոչվում է «Կրթության գերազանցության ազգային ծրագիր»: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և Այբ կրթական հիմնադրամի խորհրդի նախագահ տեր Մեսրոպ քահանա Արամյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեցին նոր նախագիծը և նախագծի նպատակները:
Արմեն Աշոտյանն ասաց, որ ծրագիրը ենթադրում է մի քանի փուլ գործողություններ.
«Առաջին փուլում «Այբ» կրթական ծրագիրը՝ իր յուրահատուկ բովանդակությամբ, անցնելու է միջազգայիրն հավատարմագրման գործընթաց և ստանալու է միջազգային կրթական ծրագրի կարգավիճակ:
Երկրորդ փուլում արդեն միջազգայնորեն սերտիֆիկացված կրթական ծրագրի բովանդակության հիման վրա վերապատրաստվելու են մանկավարժներ:
Երրորդ փուլում այդ մանկավարժները աշխատանքի կանցնեն դպրոցներում, որոնց ցանկը որոշելու է ՀՀ կառավարությունը»,-պարզաբանեց նախարարը:
Արմեն Աշոտյանն ասաց, որ առաջին փուլում, որը տևելու է 3-5 տարի, լինելու են 12 ավագ դպրոց՝ մեկական ամեն մարզում, և երկու ավագ դպոց Երևանում:
«Ծրագրի շրջանակներում վերապատրաստման առավելություններ և արտոնություններ կստանան հենց այդ դպրոցներում աշխատող ուսուցիչները: Բայց դա չի խոչնդոտելու ցանկացած այլ դպրոցի կամ մանկավարժի մասնակցությունը ծրագրին: Հետագայում բոլոր ավագ դպրոցներում նոր կրթական ծրագրով դասավանդելու հնարավորություն՝ հոսքային դասարանների սկզբունքով կլինի»,- նշեց նա:
Նախարարն ասաց նաև, որ այն ուսուցիչները , որոնք կանցնեն այդ նախապատրաստական բարդ ծրագիրը, կստանան հնարավորություն աշխատելու այդ դպրոցներում և վաստակելու 400 հազար դրամ աշխատավարձ:
Տեր Մեսրոպ քահանա Արամյանը ավելացեց, որ սա նոր շունչ է կբերի կրթության ոլորտ, իսկ նպատակն է Հայաստանում ունենալ միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան կրթական պլատֆորմ, և դրան համապատասխան ուսուցիչների սերունդ:
168.am-ը ծրագրի մասին զրուցեց նաև Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն, «Բարև Երևան» խմբակցության ղեկավար, կրթության փորձագետ Անահիտ Բախշյանի հետ, որը դրական գնահատեց այս նախաձեռնությունը և ասաց, որ ծրագիրն իր մեջ զորավոր գաղափարներ է պարունակում. «Բայց նայած, թե ինչպես կընթանա այդ նախագիծը: Ինչ որ «Այբ»-ին է վերաբերում՝ ես չեմ կասկածում, նա իր վրա դրված պարտականությունները լիարժեք կանի, իսկ ինչ նախարարությանն է վերաբերում՝ ես խիստ կասկածում եմ: Ես հույս ունեմ, որ «Այբ»-ը որպես գեներատոր այստեղ լավ կաշխատի»,- ասաց նա: