Արամ Մանուկյանը՝ հոկտեմբերի 10-ին ամբողջական իշխանափոխության հարցը չբարձրացնելու մասին. Մեզ մի մեղադրեք, որ մենք այդպիսին չենք

«Այդ օրը չի քննարկվելու արտաքին որևէ վեկտոր, մենք միայն ներքին խնդիրներ ենք բարձրացնելու ամսի 10-ին»,- խոսելով հոկտեմբերի 10-ին կայանալիք եռյակի հանրահավաքի մասին ասաց ԱԺ Հայ ազգային կոնգերս խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ա. Մանուկյանը նշեց, որ մեր ներքին խնդիրներն այնքան լուրջ, ծանր ու վտանգավոր են, որ մեր երկիրն ուղղակի անվտանգության առումով լրջագույն մարտահրավերների առջև է կանգնած. «Դա դեմոգրաֆիան է, մարդկանց արտահոսքն է, ֆինանսական վիճակը, ներքին լարվածությունները, ներքին քաղաքական վիճակը: Մենք փորձելու ենք սկսել այդ շարժումը՝ խնդիր ունենալով Հայաստանում հասնել արդար ընտրությունների»:

Լրագրողներից մեկը նկատառմանը, թե գրեթե բոլոր շարժումները, որոնք սկսվել են վերջին տարիներին՝ ավարտվել են ու փակվել, և որպես օրինակ մատնանշեց 2008 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանի ձևավորած շարժումը, որն ավարտվեց մարտի 1-ով, Րաֆֆի Հովհաննիսյանի շարժումը, որն ավարտվեց Ծիծեռնակաբերդում աղոթելով, Ա.Մանուկյանը պատասխանեց, որ ինքը մասնակցել է մի շարժման, որն ավարտվել է իշխանափոխությամբ, հաղթանակով և անկախության հռչակագրով.

«Դա 1988-ի շարժումն էր, որն ավարտվեց 1990 թվականի ազատ ընտրություններով ստեղծված պառլամենտով: Այսինքն՝ մեր եռամյա պայքարն (ընդ որում, մեծ իմպերիայի դեմ) ավարտվեց հաղթանակով: Այսինքն՝ ես դրա համը տեսել եմ, ես դրա փորձն ունեմ, ու նաև այդ փորձի ու ոգևորության արդյունքում է, որ կփորձենք հիմա էլ կատարել իշխանափոխություն՝ ժողովրդի միջոցով, ընտրությունների միջոցով:

Կարդացեք նաև

Մենք, կարծում եմ, կհասնենք այն վիճակի, որ իշխանությունները կնշանակեն ընտրություններ: Եթե հասնենք ազատ ընտրությունների, դա կլինի իսկապես մի նոր սկիզբ: Հայաստանում այսօր ընդամենը պակասում է մեկ ազատ ընտրություն, երբ քաղաքացու քվեաթերթիկը կդառնա արձանագրություն, կընտրվի նա, ով քվեարկվել է»:

168.am-ի հարցին, թե ամբողջական իշխանափոխության հարցը, կարծես, միայն «Ժառանգությունն» է հոկտեմբերի 10-ի հանրահավաքում բարձրացնելու, ի՞նչն է պատճառը, որ մյուս երկու ուժերի օրակարգում չկա այդ հարցը, Ա.Մանուկյանն այսպես պատասխանեց. «Դուք տեսե՞լ եք Հայ ազգային կոնգրեսի անդամ, որը մշտապես իշխանափոխության խնդիրը չի դնում»:

Մեր ճշտող հարցին՝ այսինքն՝ այդ օրն է՞լ է ՀԱԿ-ը բարձրացնելու այդ հարցը, Ա. Մանուկյանը պատասխանեց. «Մեր՝ Հայ ազգային կոնգրեսի մշտական, ամենօրյա, ամենասուլիսյա, ամենմիտինգյան ելուլույթների միտքը, նպատակը, ցանկությունն արտահերթ ընտրություններն են: Մենք կողմ ենք արտահերթ ընտրություններին և՛ նախագահական, և՛ պառլամենտական, որքան շուտ, այնքան լավ: Դա մեր հստակ դիրքորոշումն է: Մենք այդ օրը հավանաբար կհայտարարենք 3-ի համատեղ մշակած ցանկությունը: Ամեն մեկն ունի իր մոտեցումը, բայց մեր առաքելությունն այն է, որ 3 քաղաքական ուժերի միասնական դիրքորոշումը մատուցվի: Այնպես որ՝ մեզ մի մեղադրեք, որ մենք այդպիսին չենք»:

Մեկ այլ լրագրողի հարցին, թե առանց արտահերթ ընտրությունների երկրում հնարավոր չէ՞ որևէ բան փոխել, Ա. Մանուկյանն այսպես պատասխանեց. «Մենք միշտ կողմնակից ենք եղել երկխոսության և իշխանության հետ համատեղ քննարկումներին:

Ես կարծում եմ, կարող են լինել տարբերակներ: Օրինակ, եթե իշխանությունը ցանկանար, կհեշտանար վիճակը՝ այդ 12 կետերը կատարելով: Հաճախ հենց իշխանությունն է մղում այդ մոտեցման: Ուժեղ իշխանությունը հենց ինքը թող նախաձեռնի արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Դա կարող էր, չէ՞, հանգստացներ հասարակությանը: Բայց դա խելոք և ուժեղ իշխանությունը կարող է անել»:

 

Տեսանյութեր

Լրահոս