ԲՀԿ-ականը՝ եռյակի հանրահավաքին «Ժառանգության» կողմից բարձրացվելիք ամբողջական իշխանափոխության մասին
«Եթե եռյակն անում է միասնական հանրահավաք, ուրեմն` նրանք միասնական քննարկված որոշում ունեցած օրակարգով են, չէ՞, անում, դուք ենթադրում եք, որ կարող է «Ժառանգությունը» գնա այնտեղ մի բան ասի, «Բարգավաճը»՝ մի այլ բան, ասենք՝ ՀԱԿ-ն էլ մի ուրի՞շ բան»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք իրենց օրակարգո՞ւմ էլ կա՝ հոկտեմբերի 10-ին կայանալիք եռյակի հանրահավաքին բարձրացնել ամբողջական իշխանափոխության հարցը, քանի որ «Ժառանգությունը» հայտարարում է, որ եթե նույնիսկ ոչ իշխանական եռյակը միասնական դիրքորոշում չունենա, իրենք հանրահավաքին բարձրացնելու են ամբողջական իշխանափոխության հարցը:
Հիշեցնենք, որ այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ասել էր, որ եթե դա օրակարգային հարց չդառնա, «Ժառանգությունը» կարող է քաղաքացիներին հարցնել. «Գուցե քաղաքացիներն իսկապե՞ս կողմ են ամբողջական իշխանափոխությանը, կամ գուցե դեմ են դրան, ասում են՝ այսօրվա իշխանություններն ուղղակի հրաշալի են, մենք էնքան ենք իրենց սիրում, որ էդ սիրուց թողնում-փախնում ենք»:
ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը մեզ հետ զրույցում ասաց, որ եթե միասին են հանրահավաք անցկացնում, ուրեմն՝ միասնական համաձայնեցված օրակարգով և սցենարով է լինելու հանրահավաքը. «Կարող է ելույթում որևէ մեկը որևէ մի բան ասի, բայց դա չի նշանակում, որ եռյակի անունից է ասվում: Այնպես չէ, որ ելույթները նախկին խորհրդային կարգով սահմանափակ է լինելու: Ամեն մարդ իր ելույթում իր անձնական մոտեցումները կներկայացնի, բայց ինքն, ընդհանուր առմամբ, միասնական օրակարգով հանրահավաք է լինելու»:
Հարցին, թե եռյակի օրակարգում իշխանափոխության հարց կա՞, թե՞ ոչ, Մ. Մելքումյանն այսպես պատասխանեց. «Ես ասում եմ՝ ամեն անհատ կարող է կարծիք հայտնել, իսկ ինքը՝ հանրահավաքը, միասնական օրակարգով հաստատված սցենարով հանրահավաք է: Մեկը կարող է խոսի 12 կետերից, մեկը կարող է կենտրոնանա «Որոտանի» կամ, չգիտեմ՝ «Նաիրիտի» վրա, դա չի նշանակում, որ միասնական օրակարգ չկա»:
Մենք հետաքրքրվեցինք ԲՀԿ-ական պատգամավորից՝ արդյոք եռյակի միասնական օրակարգն արդեն կա՞: Ի պատասխան՝ նա ասաց, որ միասնական օրակարգը, սցենարը դեռ հստակեցվում է, որի մասին իրենք լրացուցիչ կտեղեկացնեն: