
ԼՂՀ ԱԳՆ հայտարարությունը Շոտլանդիայի կարգավիճակի հանրաքվեի կապակցությամբ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի Հանրապետություն) արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Շոտլանդիայի ինքնորոշման հանրաքվեի անցկացումը:
Անկախ արդյունքներից, Շոտլանդիայի հանրաքվեն դարձավ ևս մեկ նախադեպ, որը հարստացրեց ժողովուրդների ինքնորոշման իրավունքի կիրառման համաշխարհային պրակտիկան և հաստատեց այն ակնհայտ փաստը, որ սեփական ճակատագիրը որոշելու ժողովուրդների իրավունքի ճանաչումը նորմ է համարվում ժողովրդավարական հասարակության մեջ:
Այս կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում հիշեցնել, որ հենց Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ոտնահարումն է հանգեցրել մարդու իրավունքների զանգվածային խախտումների ու Ադրբեջանից հայ բնակչության բռնատեղահանման և Ադրբեջանի կողմից ԼՂՀ հանդեպ հետագա լայնամասշտաբ ագրեսիայի, որի արդյունքում տասնյակ հազարավոր մարդիկ սպանվեցին, իսկ հարյուր հազարավորները դարձան փախստական:
Արցախի ժողովրդի կամարտահայտության միջազգային ճանաչումը, որն իրականացվել է 1991 թ. և հաստատվել 2006 թ., կապահովի խաղաղ գործընթացի անդառնալիությունը ու հնարավորություն կտա կենտրոնացնել ջանքերը ԽՍՀՄ փլուզման և Ադրբեջանի կողմից պարտադրված պատերազմի արդյունքում ստեղծված երկու անկախ պետությունների՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ու Ադրբեջանի խաղաղ գոյակցության համար անհրաժեշտ մեխանիզմների և պայմանների մշակման վրա: