ԱՄՆ-ն Ադրբեջանի հետ աշխատում է երեք հիմնական ուղղությամբ. Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի թեկնածու

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ ԱՄՆ Սենատում կազմակերպված լսումներին մասնակցել է Ադրբեջանում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածու Ռոբերտ Սեկյուտան:

Ելույթ ունենալով Սենատի՝ արտաքին հարցերով հանձնաժողովի անդամների առջև՝ Սեկյուտան ընդգծել է, որ ԱՄՆ-ն Ադրբեջանի հետ աշխատում է երեք հիմնական ուղղությամբ՝ անվտանգություն, էներգետիկա ու ժողովրդավարություն. «Վերջինը կարևոր պայման է Եվրաատլանտյան հանրությանը երկրի ինտեգրման համար:

Եթե ինձ հաստատեն, ես կօգնեմ Ադրբեջանում կայուն ժողովրդավարությամբ ու դիվերսիֆիկացված տնտեսությամբ ուժեղ ու ժամանակակից պետություն կառուցելու հարցում, կձգտեմ երկկողմ հարաբերություններն առաջ տանել ընդհանուր շահերի ու արժեքների հիման վրա»:

Ընդգծելով անվտանգության ու էներգետիկայի կարևորությունը՝ Սեկյուտան կարևորել է Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման ու օրենքի գերակայության անհրաժեշտությունը:

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված՝ Սեկյուտան հայտարարել է, որ մտադիր է այդ հարցում աջակցել ԱՄՆ-ի վարչակազմի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի ջանքերը՝ ուղղված խաղաղության հաստատմանը:

Փորձագետների մի մասը կարծում է, որ Սեկյուտայի համար դժվար կլինի առաջիկա շաբաթներին ստանալ Սենատի նիստի աջակցությունը՝ կապված վերջին շրջանում երկկողմ հարաբերությունների բարդացման հետ, ինչի պատճառն Ադրբեջանում ամերիկյան ՀԿ-ների գործունեության սահմանափակման ու քաղաքացիական հասարակության ճնշման փաստերն են:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ադրբեջանում ԱՄՆ-ի նոր դեսպանի պաշտոնում հուլիսի սկզբին ներկայացրել էր Ռոբերտ Ֆրենսիս Սեկուտայի թեկնածությունը: 

Տեսանյութեր

Լրահոս