
ՄԱԿ-ի առաքելությունն աշխատանքային խոչընդոտների պատճառով վաղաժամ լքել է Ադրբեջանը

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կտտանքների դեմ ՄԱԿ-ի ենթակոմիտեի առաքելությունը (İQAT), որն իր մանդատն իրականացնում էր կտտանքների ու անմարդկային վերաբերմունքի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի հիման վրա, դադարեցրել է իր ադրբեջանական այցն ու վաղաժամ լքել է երկիրը:
Դրա համար պատճառ են հանդիսացել այն խոչընդոտները, որոնց İQAT-ը բախվել է Ադրբեջանում: Այս մասին նշված է Բաքվում ՄԱԿ-ի գրասենյակի տարածած հաղորդագրությունում:
Դրանում նշված է, որ չնայած ազատազրկման վայրեր անարգել մուտք գործելու մասին Ադրբեջանի պաշտոնական կառույցների երաշխիքներին՝ պատվիրակությունը կարողացել է այցելել դրանց միայն մի մասը և չի կարողացել իր գործառույթներն իրականացնել ամբողջովին:
Պատվիարակությունն Ադրբեջանում պետք է գտնվեր սեպտեմբերի 8-17-ին, սակայն հարուցված խոչընդոտների պատճառով İQAT-ի պատվիրակությունն իր գործունեությունը դադարեցրել է սեպտեմբերի 14-ին: