
Իրանն ու Ադրբեջանն ընդլայնում են էներգետիկ համագործակցությունը

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ առաջիկա 6 ամսում կավարտվի Փարսաբադ-Իմիշլի էլեկտրահաղորդագծի կաառուցումը, ինչը հնարավորություն կտա Իրանի ու Ադրբեջանի միջև էներգոփոխանակման հզորությունը մեծացնել մինչև 600 մեգավատտի:
Այս մասին այսօր հայտարարվել է Թեհրանում՝ Իրանի էներգետիկայի նախարար Նամդար Չիթչիանի ու Ադրբեջանի էկոնմոկիայի նախարար Շահին Մուսթաֆաևի հանդիպման ժամանակ: Կողմերը խոշոր ներդրումներ են արել նշված նախագծում: Դրա իրագործումը կբարձրացնի երկու երկրների միացյալ էներգոհամակարգերի կայունությունը:
Կողմերը նաև պլանավորում են սահմանային գոտում կառուցել 1000 մեգավատտ հզորությամբ էլեկտրակայան: Որոշվել է տվյալ հարցն ուսումնասիրել փորձագետների մակարդակով ու պատրաստել կոնկրետ առաջարկներ:
Կողմերը քննարկել են նաև էներգիայի այլընտրանքային աղբյուրների օգտագործման հնարավորությունն ու տվյալ ոլորտում համագործակցելու հեռանկարները: Ադրբեջանը պատրաստ է ներդրումներ անել Իրանում այլընտրանքային աղբյուրներից էներգիայի արտադրման ոլորտում:
Ադրբեջանական պատվիրակությանը Թեհրանում ընդունել է նաև Իրանի նախագահ Հասան Ռոուհանին: