
Թուրքիան պետք է կանգնեցնի «Իսլամական պետության» պոտենցիալ նորակոչիկների հոսքը. Բրիդլավ

Vesti.ru-ի փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ն շարունակում է պլաններ մշակել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի համար, բաշխվում են դաշինքի անդամ երկրների ու դաշնակիցների միջև դերերը:
Այս մասին երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի Միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ Ֆիլիպ Բրիդլավը:
Նրա խոսքերով՝ «Իսլամական պետության» շարքերում կան զգալի թվով օտարազգի քաղաքացիներ, որոնք հայրենիք վերադառնալուց հետո մեծ սպառնալիք կներկայացնեն ոչ միայն իրենց, այլև՝ մյուս երկրների համար.
«Թուրքիան մեր դաշինքի առանցքային օղակներից է: Թուրքիան սահմանակից է այն երկրների հետ, ուր առկա են մեծ թվով զինյալներ: Թուրքիան պետք է անի ամեն բան՝ կանգնեցնելու համար «Իսլամական պետության» պոտենցիալ նորակոչիկների հոսքը»:
Միևնույն ժամանակ ամերիկյան The New York Times թերթը գրել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի երկրների թվում «Իսլամական պետության» համար նորակոչիկների խոշորագույն մատակարարն է: Թերթի տվյալներով՝ ներկայումս խմբավորման շարքերում գտնվում է Թուրքիայի մոտ 1000 քաղաքացի: