Քառյակը հանրահավաք կանցկացնի եռյակով

Քիչ առաջ ԱԺ-ում ավարտվեց ոչ իշխանական ուժերի՝ քառյակի, հերթական հավաքը: ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտնեց, որ քննարկվել է երեք հարց՝ համատեղ հանրահավաքի անցկացման օրն ու վայրը, և որոշում է կայացվել հանրահավաքն անցկացնել հոկտեմբերի 10-ին, ժամը 18:00-ին, Ազատության հրապարակում:

Օրակարգի երկրորդ հարցը եղել է հանրահավաքի օրակարգը: Հանրահավաքի ժամանակ ներկայացվելու են սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ իրենց դիրքորոշումը և մարզային այցերի ժամանակացույցը:

Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ հանրահավաքը կլինի որ թե քառյակի, այլ՝ եռյակի, քանի որ ՀՅԴ ներկայացուցիչները հայտնել են, որ սահմանադրական փոփոխությունների հարցում իրենք ունեն էական տարաձայնություններ մյուս ուժերի հետ:

«Քանի որ համատեղ հանրահավաքը չէր կարող շրջանցել այնպիսի կարևորագույն հարց, ինչպիսին սահմանադրական փոփոխություններն էին, այդ պատճառով որոշվեց, որ հանրահավաքը կլինի ոչ թե քառյակի, այլ՝ եռյակի»,- ասում է Ն. Զոհրաբյանը:

Նա խնդրում է այս բաժանման մեջ որևէ ինտրիգ չփնտրել, քանի որ մյուս բոլոր հարցերում քառյակը շարունակում է գործել:

Մասնավորապես՝ Ն. Զոհրաբյանն ասաց, որ իրենք քննարկել են նաև կառավարությանը ներկայացրած 12 պահանջների կատարման ընթացքը և եռյակի համատեղ հանրահավաքի ժամանակ կներկայացվի քառյակի միասնական դիրքորոշումը այդ պահանջների կատարման ընթացքի շուրջ:

Քանի որ ՀՅԴ-ն չի մասնակցելու համատեղ հանրահավաքին, որոշում է կայացվել նաև, որ ՀՅԴ-ն չի մասնակցելու նաև մարզային հանդիպումներին:

Եռյակի անդամները ստեղծել են աշխատանքային խմբեր, որոնք կնախապատրաստեն մարզային հանդիպումները:

168.am-ի հարցին՝ արդյոք որոշվե՞լ է՝ եռյակի լիդերները մասնակցելո՞ւ են համատեղ հանրահավաքին, Ն. Զոհրաբյանը պատասխանեց, որ այդ հարցը դեռ քննարկվելու է:

Լրագրողներից մեկի այն հարցին էլ՝ արդյոք կարո՞ղ ենք փաստել, որ այսուհետ կա երկու ֆորմատ՝ եռյակ և քառյակ, Ն. Զոհրաբյանը պատասխանեց. «Մենք միշտ հայտարարել ենք, որ քառյակը քառյակ է, երբ կոնկրետ հարցի շուրջ կա կոնսեսուս: Մենք քառյալի անդամներով բազմաթիվ հարցերի շուրջ ունենք կոնսեսուս և այդ հարցերի հետ կապված կարող ենք համարել, որ քառյակը գոյություն ունի»:

Տեսանյութեր

Լրահոս