Ձերբակալվել է Քոչարյանի շեֆը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ռուսաստանում հարուցված, այսպես կոչված, «Բաշնեֆտի» գործով երեկ ներգրավվել է «Սիստեմա» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Եվտուշենկովը:

Նրան մեղադրում են անօրինական գումարների լեգալացման մեջ: Սա այն գործն է, որով ձերբակալվեց և կալանավորվեց հայազգի հայտնի ռուսաստանցի գործարար, բարերար Լևոն Հայրապետյանը:

Մի քանի օր առաջ Հայրապետյանին նոր մեղադրանք ներկայացրին, իսկ խափանման միջոցը փոխելու հայցը մերժեցին: Ռուսաստանի իրավապահները համարում են, որ «Սիստեմա» ընկերությունը 2008 թվականին անօրինականություններ է թույլ տվել «Բաշնեֆտ» ընկերության սեփականատեր դառնալիս:

Այս գործը ռուսաստանյան փորձագիտական շրջանակներն արդեն իսկ որակել են որպես «Ռոսնեֆտ» ընկերության շահերի հետապնդում:

«Ռոսնեֆտը» ցանկանում է տիրանալ «Բաշնեֆտին», որի սեփականատերը ներկայումս «Սիստեմա» ընկերությունն է: Ինչպես երևում է, այս գործը թափ է հավաքում, ինչի վկայությունն այն է, որ ներգրավվում է նաև «Սիստեմայի» ղեկավարը: Նրան տնային կալանք են տվել` արգելելով հարազատներից ու փաստաբաններից, նաև քննիչներից բացի` հարաբերվել որևէ այլ անձանց հետո, արգելելով օգտվել ինտերնետից:

Հետաքրքրականն այստեղ այն է, որ Եվտուշենկովը ներկայումս ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ըստ էության, ղեկավարն է: Այսինքն` Քոչարյանը, ինչպես մի քանի տարի առաջ հարցազրույցներից մեկում էր նշել, աշխատանքի է անցել Ռուսաստանում:

Նա «Սիստեմա» ընկերությունների տնօրենների խորհրդի անդամ է, և հետևաբար խոհրդի նախագահի ձերբակալումը ինչ-որ առումով նշանակում է Քոչարյանի ղեկավարի ձերբակալում: Սա իմիջիայլոց, որովհետև ըստ էության գործը, որ հարուցվել է, վերաբերում է այն ժամանակաշրջանին, երբ Ռոբերտ Քոչարյանը դեռևս «Սիստեմայում» աշխատանքի չէր անցել:

Սակայն, այնուհանդերձ, կասկածից վեր է, որ «Սիստեմա» ընկերության դեմ Ռուսաստանում սկսված արշավը կարող է անդրադառնալ նաև Ռոբերտ Քոչարյանի վրա` առնվազն հոգեբանորեն: Միշտ էլ հաճելի չէ, երբ ընկերությունը, որում աշխատում ես, հայտնվում է նմանօրինակ պատմությունների մեջ: Առնվազն առաջանում է աշխատանք կորցնելու վտանգ, այսինքն` Ռոբերտ Քոչարյանը կարող է արդյունքում մնալ գործազուրկ: Իսկ նման դեպքում նա կարող է արդեն աշխատանք փնտրել Հայաստանում, կամ այլ կերպ ասած՝ մնալով գործազուրկ, նա կարող է ավելի ուժգին փափագել Հայաստանում իշխանություն վերադառնալ»:

Ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս