Էրդողանը սպառնացել է խզել Moody’s-ի և Fitch-ի հետ ստորագրված համաձայնագրերը

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Moody’s և Fitch միջազգային վարկանիշային գործակալություններին մեղադրել է երկրի տնտեսությանը գնահատականներ տալիս քաղաքական դրդապատճառներով առաջնորդվելու մեջ:

Էրդողանը չի բացառել, որ Թուրքիան կարող է խզել այդ գործակալությունների հետ ստորագրած համաձայնագրերը: Նախորդ շաբաթ Fitch գործակալությունը հայտնել էր, որ 2015 թվականի հունիսին Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ Թուրքիայի Կենտրոնական բանկը կարող է հայտնվել քաղաքական ճնշման տակ և նվազեցնել տոկոսադրույքները՝ անտեսելով ինֆլյացիայի գործոնը:

Իսկ Moody’s գործակալությունը նախորդ ամիս հայտարարել էր, որ Թուրքիայում անցկացված նախագահական ընտրություններում Էրդողանի տարած հաղթանակը չի լուծի տնտեսական ռիսկերի խնդիրն ու չի նվազեցնի երկրում առկա քաղաքական լարվածությունը:

Էրդողանը սեպտեմբերի 15-ին հայտարարել է, որ գործակալությունների նման գնահատականներն «ունեն» քաղաքական ենթատեքստ և «հենված չեն» տնտեսական տվյալների վրա:

Տեսանյութեր

Լրահոս