
Պորոշենկոն ժամանել է Կանադա

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն սեպտեմբերի 17-18-ին աշխատանքային այցեր է կատարում Կանադա և ԱՄՆ: Այս մասին հայտնել է պետության ղեկավարի մամլո ծառայությունը:
Ենթադրվում է, որ այսօր Օտտավայում նախագահը կմասնակցի Կանադայի խորհրդարանի համայնքների պալատի ու սենատի համատեղ նստաշրջանին, ինչպես նաև կհանդիպի Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերի ու Կանադայի գեներալ-նահանգապետ Դևիդ Ջոնսթոնի հետ:
Բացի այդ, պլանավորված է, որ Պորոշենկոն հանդիպումներ է ունենալու Կանադայի ուկրաինական համայնքի առաջնորդների ու ներկայացուցիչների հետ: Սեպտեմբերի 18-ին էլ Վաշինգտոնում տեղի է ունենալու Ուկրաինայի ու ԱՄՆ-ի նախագահների հանդիպումը:
Պորոշենկոյի ամերիկյան այցի ծրագրում պլանավորված են նաև երկկողմ հանդիպումներ ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի, Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բոյների, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ:
Պորոշենկոն կմասնակցի նաև ԱՄՆ կոնգրեսի պալատների համատեղ նիստին: Սրանից առաջ հաղորդվել էր, թե Պորոշենկոյին հրավիրել են ելույթներ ունենալ Կանադայի խորհրդարանում ու ԱՄՆ կոնգրեսում: