
Երևանից Թբիլիսի տեղափոխված Գրանդ փղին կենթարկեն վիրահատության

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ սեպտեմբերի 18-ին վիրահատության կենթարկվի Գրանդ անունով փիղը, որը Թբիլիսիի կենդանաբանական այգի է բերվել Հայաստանից: Վիրահատությունը կատարելու է հատուկ այդ նպատակով Վրաստան ժամանող, աշխարհահռչակ ատամնաբույժ Փիթեր Կերտեսը:
Բանն այն է, որ Գրանդ փիղը ծնոտոսկրի մոտ կոտրել է ժանիքները: Թբիլիսիի կենդանաբանական այգին հաղորդագրություն է տարածել, որում նշել է, որ փղերն ինչպես բնության, այնպես էլ անազատության մեջ հաճախ են կոտրում իրենց ժանիքները:
Հաղորդվել է նաև, որ ասիական արու փղերի մոտ երբեմն ընդհանրապես չեն աճում ժանիքներ, ինչի համար էլ դրանց բացակայությունը չի խանգարում փղի կյանքին: Սակայն Գրանդը ժանիքները կոտել է ծնոտոսկրին այնքան մոտ տեղից, որ նրան չի կարելի թողնել այդ վիճակում և միջոցներ են ձեռնարկվում հնարավոր բորբոքումը կանխելու ուղղությամբ:
Փղի առողջությունն ու կյանքը պահպանելու համար որոշվել է վիրահատել նրան և հեռացնել կոտրված ժանիքները: 6 տոննա կշռող Գրանդ փղին Երևանից Թբիլիսիի են տեղափոխել այս տարվա հունիսին: