
Հայաստանի ինքնիշխանությունը չի կարող վիճարկման հարց լինել

Այսօր սահմանադրական փոփոխությունների թեմայով կազմակերպված քննարկման ժամանակ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հռետորական հարց հնչեցրեց՝ արդյոք Սահմանադրության երկրորդ անփոփոխ հոդվածը, որը վերաբերում է Հայաստանի ինքնիշխանությանը, կարո՞ղ է դրվել հանրաքվեի: Սահմանադրության նախագծով նախատեսվում է, որ քաղաքացիական նախաձեռնությունները, կարող են որոշակի ստորագրություններ հավաքելով, կազմակերպել հանրաքվեներ, և Րաֆֆի Հովհաննիսյանի հարցն այն էր, թե արդյոք հնարավո՞ր է ինչ-որ քաղաքացիական նախաձեռնություն հանդես գա Սահամանդրության 2-րդ հոդվածը վերացնելու հարցով հանրաքվե կազմակերպելու նախաձեռնությամբ:
Այս հոդվածով հռչակվում է, որ Հայաստանը ինքնիշխան պետություն է: Սահմանադրագետ, սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը 168.am-ի հարցին ի պատասխան, թե տեսականորեն հնարավո՞ր է նման հարցով հանրաքվեի անցկացում, ասաց. «Ոչ, որովհետև նախատեսվում է, որ հանրաքվեի դրվող յուրաքանչյուր հարց պետք է նախ քննարկվի Սահմանադրական դատարանում, և միայն այդ հարցը Սահմանադրությանը չհակասող ճանաչվելու պարագայում այն կարող է դրվել հանրաքվեի:
Իսկ քանի որ Հայաստանի ինքնիշխանության վիճարկումը ինքնին հակասահմանադրական է, ապա նման հարցով հանրաքվե չի կարող անցկացվել: Ավելին՝ մենք նախատեսում ենք, որ Հայաստանի ինքնիշխանությունը սահմանափակող յուրաքանչյուր հարց պետք է դրվի հանրաքվեի, և հասարակությունը պետք է իր դիրքորոշումը արտահայտի նման նախաձեռնությունների նկատմամբ»: