Ոչ իշխանական ուժերը կփորձեն ԱԺ-ում բարձրացնել Վլադիմիր Գասպարյանի պատասխանատվության հարցը

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը շաբաթ օրվա իր հայտարարություններով փորձել է վախեցնել հասարակությանը և, ըստ էության, ասել, որ ինքն ունի քաղաքական կողմնորոշում: Այսօրվա ասուլիսում նման կարծիք հայտնեց ընդդիմադիր Հայ ազգային կոնգրես կուսակցության մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:

Կոնգրեսի և ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակը շաբաթ օրը տեղի ունեցած ոստիկանական զորավարժությունները և ոստիկանապետի հայտարարություններն անվանեց խայտառակություն և գործող սահմանադրության ու օրենքների անարգանք:

Ըստ նրա`եթե իշխանությունները դրանով փորձել են վախեցնել հասարակությանը փողոց դուրս գալու հեռանկարից, ապա չարաչար սխալվում են, քանի որ ժողովուրդը երբեք չի վախեցել փողոց դուրս գալուց, երկրորդը` ժողովրդին հրապարակ բերող ուժերը երբեք չեն շեղվել օրինականության ուղուց:

Արման Մուսինյանի մեկնաբանությամբ` ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն իր հարցազրույցում, փաստորեն, մի շարք խոստովանություններ է արել. «2008 թ. մարտի մեկին նրա ղեկավարած կառույցը` ռազմական ոստիկանությունը, ներգրավված է եղել գործընթացների մեջ, իր ասելով`զբաղված է եղել կառավարական շենքի պաշտպանությամբ, ինչը նշանակում է, որ զինված ուժերին ստորաբաժանումը ներգրավված է եղել քաղաքական գործընթացներին: Երկրորդը, սպառնալիքներ հնչեցնելով (թեժ աշուն և այլն)`ըստ էության, հայտարարել է, որ ինքը քաղաքական կողմնորոշում ունի, այնինչ նրա միակ պարտականությունը պետք է լինի հասարակական կարգի և օրենքի պաշտպանությունը: Մենք` Հայ ազգային կոնգրեսը, գործընկեր կուսակցությունները, վստահ եմ` կարող եմ նաև նրանց անունից հայտարարել, որ իրենց հրապարակային գործողություններում օրենքի որևէ խախտում չեն անելու: Եվ փորձելով ասել, որ հասարակական բողոքները կճնշվեն, Վլադիմիր Գասպարյանը գերազանցել է իր լիազորությունները, և կարծում եմ` ոչ իշխանական ուժերը կփորձեն խորհրդարանում բարձրացնել նրա պատասխանատվության, հրաժարականի հարցը»:

Հիշեցնենք, որ Վլադիմիր Գասպարյանը  սեպտմբերի 13-ին «Արզնի» օդանավակայանի տարածքում ոստիկանական ստորաբաժանումների և ոստիկանության զորքերի մասնակցությամբ տեղի ունեցած զորավարժություններից հետո զրուցել էր լրագրողների հետ և անդրադառնալով թեժ քաղաքական աշնան վերաբերյալ հարցին, մասնավորապես ասել էր . «Թեժ աշնան համար կան սառը ցնցուղներ, իսկ երբ ցնցուղը չի օգնում, շատ ավելի թեժ աշուն կարող ենք կազմակերպել: Կարող եմ այդպես ասել: Կարող եմ ասել ուրիշ ձև: Կարող եմ ասել այնպես, ինչպես ես մտածում եմ: Ուզում է թեժ լինի, ուզում է սառը լինի»:

Տեսանյութեր

Լրահոս