Արման Մուսինյան. Սերժ Սարգսյանը ստիպված է լինելու հեռանալ քաղաքական ասպարեզից

Հայաստանի գործող Սահմանադրությունը թույլ չի տալիս գործող նախագահ Սերժ Սարգսյանին անձամբ վերարտադրվել, այդ իսկ պատճառով նա նախաձեռնել է սահմանադրական բարեփոխումներ, ինչը թույլ կտա Սերժ Սարգսյանին իշխանությունը կենտրոնացած պահել իր ձեռքում: Այսօրվա ասուլիսում այսպիսի հայտարարություն արեց Հայ ազգային կոնգրես կուսակցության մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:

Նրա ձևակերպմամբ` Սերժ Սարգսյանի թուլացած վարչախումբը հասարակությանը առաջարկելու, երկիրը բարեկարգելու որևէ դեղամիջոց չունի, ուստի Սարգսյանը փորձում է կյանքի կոչել իր միակ նպատակը` գցել իր իշխանության վերարտադրության հիմքերը, ինչի համար էլ առաջ են քաշվել «չարաբաստիկ սահմանադրական բարեփոխումները». «Այս նախագծի իրականացումը կլինի Հայաստանի վերջը»:

Մուսինյանը նաև ավելացրեց, որ ՀԱԿ-ը և սահմանադրական բարեփոխումները մերժող մյուս ուժերը բերել են սպառիչ և հիմնավոր փաստարկներ այն մասին, որ սահմանադրական բարեփոխումների անցկացումը նպատակահարմար չէ, և նաև իր կողմից ավելացրեց` Հայաստանում այսօր առկա որևէ հիմնախնդիր պայմանավորված չէ սահմանադրությամբ:

«Այս ծրագրի հիմնական նպատակը ոչ թե քաղաքական համակարգի առողջացումն է, այլ Սերժ Սարգսյանի վերարտադրության խնդիրը լուծելը, որովհետև Սահմանադրությունն արգելում է նրան երրորդ անգամ հայտնվել նախագահի աթոռին: Այնպես որ, գործող սահմանադրության պաշտպանությունն, ըստ էության, ամենալավ միջոցն է Սերժ Սարգսյանի վարչախմբի դեմ պայքարելու համար… Ես վստահ եմ, որ Սերժ Սարգսյանի ծրագիրը ձախողվելու է, նա չի կարողանալու անցկացնել սահմանադրական բարեփոխումներ կոչվածը և այլևս չունենալով որևէ այլ ռեսուրս (ռեսուրսների թվում կարելի է նշել և´ կառավարության գործունեության ձախողումը` որպես ռեսուրսի բացակայություն, և´ տնտեսական իրավիճակի ծայրաստիճան բարդացումը` որպես ռեսուրսի բացակայություն, և´ արտաքին քաղաքականության ոլորտում խայտառակ անհաջողություններն ու տապալումները` որպես ռեսուրսի բացակայություն)` նա ստիպված է լինելու հեռանալ քաղաքական ասպարեզից»,- նշեց Կոնգրեսի մամուլի խոսնակը:

Կարդացեք նաև

Արման Մուսինյանի խոսքով` երբ որոշվի «քառյակի» հանրահավաքի օրը (այդ մասին կհայտարարվի վաղը), այն ժամանակ «բոլոր ջրերը կպարզվեն», և այդ ժամանակ որևէ քաղաքական միավոր և նույնիսկ քաղաքացի չի կարողանա մի կողմ քաշված մնալ. կա´մ կլինի Սերժ Սարգսյանի իշխանության, կա´մ ժողովրդի և նրա շահերի համար պայքարող քաղաքական ուժերի կողքին:

«Իշխանությանը մնալու Սերժ Սարգսյանի հնարավորությունները մոտ կլինեն զրոյի»,- ասաց Արման Մուսինյանը` այդուհանդերձ, չպարզաբանելով, թե կոնկրետ ե՞րբ են «քառյակի» ուժերը իշխանափոխության հարցը դարձնելու օրակարգային:

Նա համբերության կոչ արեց. «Համբերատար եղեք և կստանաք պտուղները»:

Տեսանյութեր

Լրահոս