
«Ժառանգությունը» ներկայացրեց իր երեք նախապայմանները՝ սահմանադրական բարեփոխումների բովանդակային քննարկմանը մասնակցելու համար

Սահմանադրական բարեփոխումներին նվիրված խորհրդաժողովի ժամանակ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հայտարարեց այն երեք նախապայմանները, որոնք իշխանությունների կողմից ընդունվելու դեպքում «Ժառանգությունը» կմասնակցի սահմանադրական բարեփոխումների բովանդակային քննարկումներին:
Առաջին նախապայմանն այն է, որ իշխանությունները պետք է ընդունեն ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի և «Ժառանգության» կողմից ներկայացված Ընտրական օրենսգրքի փոփոխությունների 11 կետից բաղկացած փաթեթը, որը հավանության է արժանացել Վենետիկի հանձնաժողովի կողմից:
Ռ. Հակոբյանը նշեց, որ առաջիկայում «Ժառանգությունը» ԱԺ է ներկայացնելու ընդդիմության մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ընդդիմությանն օժտել վերահսկողական լուրջ լիազորություններիով, և իրենց նախապայմանն այն է, որ ԱԺ մեծամասնությունը ևս կողմ լինի այդ օրինագծին:
Երրորդ նախապայմանն էլ այն է, որ Սահմանադրության հանրաքվեից հետո անցկացվեն համապետական արտահերթ ընտրությունները, որն, ըստ Ռ. Հակոբյանի՝ կարող է անցկացվել 2016 թվականին: