Սեյրան Օհանյանը՝ տարկետման իրավունքը վերացնելու մասին. Ես կողմ եմ, որպեսզի այդ տարեկետումը վերացվի
Երևանի պետական համալսարանում ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից այսօր հետաքրքրվեցին՝ ինչպես է վերաբերում տարկետման իրավունքը վերացնելու մասին առաջարկին: Ի պատասխան նա ասաց. «Տարկետման այն մինիմալ քանակությունը, որ այսօր մնացել է, կարծում եմ, որ դա էլ արդար չէ մնացած այն մարդկանց նկատմամբ, ովքեր այդ տարկետումից չեն օգտվում: Ես գտնում եմ, որ հավասար պայմաններ պետք է ստեղծվեն: Գիտեք, որ վերջին տարիներին զորակոչի իրականացման գործընթացի մեջ համարյա թե կարելի է ասել՝ մենք հեղափոխություն ենք արել, առաջին հերթին ազնվության և արդարությամն պայմանների ստեղծմամբ, որպեսզի այդտեղ վերացնենք կոռուպցիան, կաշառակերության այդ պայմանները, ռիկսերը, բաշխենք ըստ զորամասերի վիճակահանության:
Դա բարձրացրել է նաև բանակի նկատմամբ ծնողների, հարազատների կողմից վստահության մակարդակը, և ես գտնում եմ, որ յուրաքանչյուր հայ քաղաքացի, մանավանդ տղամարդ պետք է իր ծառայությունը կատարի իր երկրի պաշտպանության հարցում: Ես կողմ եմ, որպեսզի այդ տարեկետումը վերացվի»: