
ԿԺԴՀ-ը սկսել է զբաղվել բալիստիկ հրթիռներով սուզանավերի մշակմամբ

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԿԺԴՀ-ը սկսել է զբաղվել այնպիսի սուզանավի մշակմամբ, որն ունակ է կրել միջին հեռահարության բալիստիկ հրթիռներ:
Այս մասին հայտարարել են Հարավային Կորեայի ՊՆ-ի ներկայացուցիչները: Նրանց հաղորդմամբ՝ նման աշխատանքների ցուցիչներ հայտնաբերել են ԱՄՆ-ի ու Հարավային Կորեայի հետախուզությունները:
Ներկա դրությամբ, Հյուսիսային Կորեան ենթադրաբար զբաղվում է սուզանավերի համար ուղղահայաց տիպի արձակման սարքերի ստեղծմամբ: Այդպիսի սուզանավերի ջրատարողությունը կազմում է 2800 տոննա, երկարությունը՝ 98.9 մետր, իսկ լայնությունը՝ 8.2 մետր:
Հարավային Կորեայի ՊՆ-ի տվյալներով՝ ԿԺԴՀ-ի սպառազինության տակ դեռ չկա որևէ սուզանավ, որն ունակ լինի կրել բալիստիկ հրթիռներ: Տարբեր գնահատականներով՝ ԿԺԴՀ-ի ռազմածովային ուժերը ներկայումս ունեն տարբեր նախագծերի 70-80 սուզանավ: