
Քաբուլում ԱՄՆ դեսպանատան գլխավոր մուտքի մոտ պայթյուն է գրանցվել

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր առավոտյան պայթյուն է գրանցվել Քաբուլում ԱՄՆ դեսպանատան գլխավոր մուտքի մոտ: Պայթեցվել է պայթուցիկով լեցուն մի ավտոմեքենա, որի ղեկին գտնվել է մահապարտ-ահաբեկիչը:
Քաբուլի ոստիկանապետ Ֆարիդ Աֆզալին հայտարարել է, որ ահաբեկչության թիրախում եղել է օտար զինվորականների շարասյունը: Պայթյունի վայրում հայտնաբերվել է օտար հանդերձանքով զինծառայողի դիակ:
Զոհերի ստույգ թիվը դեռ հաստատված չէ: Պայթյունի պատասխանատվությունն ստանձնել է «Թալիբան» շարժումը: 2014 թվականին Աֆղանստանում ավարտվում է ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի գծով նրա դաշնակիցների ռազմական կամպանիան:
Հիմնական զորքերի դուրս բերումից հետո Աֆղանստանում կշարունակի մնալ մի քանի հազար ամերիկացի զինծառայող, որոնք կզբաղվեն Աֆղանստանի ոստիկանության ու զորքերի ուսուցմամբ: Փորձագետները կարծում են, որ նրանց հեռանալուց հետո երկրում սկսվելու է թալիբների նոր մասշտաբային հարձակում: