
Իրանը ցայժմ վիճելի հարցերի շուրջ ԱԷՄԳ-ին չի ներկայացրել նոր առաջարկներ. Ամանո

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Իրանը ցայժմ ԱԷՄԳ-ին չի ներկայացրել վիճելի հարցերի լուծման գործնական միջոցների նոր փաթեթի մասին իր առաջարկները: Այս մասին ԱԷՄԳ-ի նիստում հայտարարել է կառույցի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն:
Նրա խոսքերով` ԱԷՄԳ-ը դիմել է Իրանին` խնդրելով մինչև սեպտեմբերի 2-ը ներկայացնել նոր միջոցներ, որոնք ընկած կլինեն համագործակցության համաձայնագրի շրջանակներում գործնական միջոցների հերթական փաթեթի հիմքում:
Ամանոն ընդգծել է, որ Իրանը ցայժմ չի կատարել այդ քայլը: Ամանոն հավելել է, որ Իրանը պատրաստ է միաժամանակ ԱԷՄԳ-ի հետ արագացնել իր միջուկային ծրագրի խաղաղ բնույթի ստուգման աշխատանքները:
Ամանոն հայտարարել է, որ ԱԷՄԳ-ին անհրաժեշտ է հավելյալ մեկ միլիոն եվրո` Իրանի ու «Վեցյակի» միջև ձեռք բերված համաձայնության շրջանակներում Թեհրանի միջուկային ծրագրի վերահսկողության աշխատանքների կատարման համար: