Քերին Էրդողանի հետ քննարկել է «Իսլամական պետության» հարցը
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը երեկ ընդունել է երկրում գտնվող ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին: Մոտ 2.5 ժամ տևած հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկու երկրների փոխհարաբերություններն ու տարածաշրջանային մի շարք հարցեր:
Ընդգծվել է, որ ԱՄՆ-ն ու Թուրքիան կշարունակեն համատեղ պայքարն ահաբեկչության դեմ: Էրդողանն ու Քերին մասնավորապես քննարկել են «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարի հարցը և հայտարարել են, որ երկու երկրները լի են վճռականությամբ` շարունակելու համար տարածաշրջանում գործող ահաբեկչական բոլոր խմբավորումների դեմ պայքարը:
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան չի պլանավորում ակտիվ մասնակցություն ունենալ Իրաքում ու Սիրիայում «Իսլամական պետության» դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողություններին, և որ Թուրքիան պատրաստ է տրամադրել հետախուզական տվյալներ, և շարունակել սիրիական ընդդիմությանը լոգիստիկ ու հումանիտար օգնության տրամադրումը:
Ջոն Քերիի հետ հանդիպել է նաև Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն: Դռնփակ այդ հանդիպումը տևել է մոտ 1 ժամ: