«Տանից փախչում էր, ինձ չէր լսում…». Անորակ դեղի պատճառով բազմաթիվ մարդիկ հայտնվել են հոգեբուժարանում

Օրեր առաջ «Հոգեկան առողջության վերականգնման հայկական ասոցիացիա» հ/կ-ն բաց նամակով դիմել էր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին` հայտնելով, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող բազմաթիվ մարդիկ այժմ ծանր վիճակում են գտնվում` պետական գնումների արդյունքում ձեռք բերված և տրամադրվող անորակ դեղորայքի պատճառով: 168.am-ը հանդիպեց հասարակական կազմակերպության ներկայացուցիչների և շահառուների հետ` խնդրին առավել մանրամասն ծանոթանալու համար:

Կազմակերպության փոխնախագահը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց շահառուները հենց այդ դեղերն օգտագործողներն են, և հենց նրանց վիճակից ելնելով էլ դիմել են տարբեր մարմինների. նախ` Առողջապահության նախարարությանը, հետո` Մարդու իրավունքների պաշտպանին, հետո էլ` վարչապետին և այլոց, սակայն իրենց խնդրին ոչ ոք մինչ օրս չի արձագանքել, իսկ հիվանդների վիճակը շարունակում է օրեցօր վատանալ:

Հիվանդների բողոքը կապված էր հատկապես «Զիպրեկսա», «Զոլաքսա» դեղերի հետ, որոնց ամերիկյան տարբերակը, նրանց խոսքով, ամենաօգտակարն էր, իսկ այժմ, երբ իրենց տալիս են դեղի հայկական տարբերակը, իրենց վիճակն օրեցօր վատանում է: Հիվանդներից մեկի մայրը պատմում է, որ Հայաստանում արտադրված այդ դեղն օգտագործելուց ընդամենը մեկ շաբաթ անց աղջկա վիճակը կտրուկ վատացել է.

«Տանից փախչում էր, ինձ չէր լսում, գիշերով դրսում կանգնում էինք, ես լաց էի լինում, խնդրում, որ տուն գար: Հետո էլ կասեն, թե Առողջապահության նախարարություն գոյություն ունի, ասում են` դիմեք, ձեզ կօգնեն, բայց ի՞նչ օգնության մասին է խոսքը»:

Հիվանդներից Ն. Գ.-ն մեզ պատմեց, որ ինքն անձամբ է դիմել Առողջապահության նախարարությանը, և մեկ շաբաթ հետո պատասխանները եկել են մերժված, որ այդ դեղը համապատասխանում է եվրոպական բոլոր ստանդարտներին. «Ես շատ կուզենայի իմանալ այդ դեղերի բաղադրությունը` արդյո՞ք համապատասխանում են եվրոպական ստանդարտներին, և եթե այո, ապա ինչո՞ւ մեզ մոտ արձագանքն այդպես վատ ստացվեց: Երբ ես խմում էի ամերիկյան «Զիպրեկսա», ինձ շատ լավ էի զգում, անքնություն, ներվային ու լարված վիճակ չկար, չկար կոմպլեքսավորվածություն: Ես այդ ժամանակ աշխատում էի, սովորում, իմ միտքը շատ ճկուն էր, բայց երբ մեզ սկսեցին տալ հայկական դեղերը, վիճակս շատ վատացավ` ախորժակի անկում, ուղեղի մթագնում, անքնություն և այլն: Դրա հետևանքով կորցրի աշխատանքս: Ես գանձապահ էի, բայց այլևս չէի կարողանում կենտրոնանալ, նորմալ աշխատել: Նախկինում հասարակության հետ շփումը շատ լավ էր, մենք կոմպլեքսավորված չէինք: Ես խնդրում եմ, որ մեզ աջակցեն, և մենք ստանանք նախկին ամերիկյան դեղերից: Խնդրում ենք նաև, որ մեր համար աշխատատեղեր ստեղծեն, որ հասարակությունը մեզ որպես հիվանդներ չնայի»:

Հիվանդներից մեկի հայրն ասաց, որ արդեն երկար տարիներ անցնում են բազմաթիվ փորձությունների միջով, փորձել են տարբեր դեղեր, բայց «Զիպրեկսան» իր դրական ազդեցությունն անմիջապես ունեցել է. «Չեմ ասում, որ որդուս վիճակը լրիվ կայունացավ, բայց այդ դեղն օգտագործելուց հետո բավականին դրական փոփոխություն եղավ, բայց այս երկու տարի է` մեզ կարծես քյանդրբազի տեղ են դրել, վազեցնում են այստեղից՝ այնտեղ. մի օր գնում ենք նախարարություն, հինգ օր` նախագահի մոտ, բայց ոչ մի բան էլ դուրս չի գալիս: Վիրավորական էլ է, էլի, ոնց որ ձեռ առնեն: Այդ գումարի տարբերությունն ինչքա՞ն է, որ մի դեղ էլ նորմալ չեն տալիս: Բոլոր խնայողությունները նախարարի գրպանն են…»:

Կազմակերպության շահառուներն ասացին, որ իրենց հիվանդներից արդեն տասը հոգի այդ դեղն օգտագործելու հետևանքով հայտնվել է հոգեբուժարանում:

Նշեմ, որ «Հոգեկան առողջության վերականգնման հայկական ասոցիացիա» հ/կ-ն գործում է արդեն չորս տարի, ունի 200-ից ավելի ակտիվ շահառու, կա ակտիվ կապ, բայց քանի որ մշտական տարածք չունեն, հանդիպում են բացօթյա: Փոխնախագահի խոսքով` լավ կլիներ, որ իրենց գոնե տրամադրեին տարածք կամ պետական հովանավորչություն:

Այս հիվանդներից յուրաքանչյուրն իր նախասիրություններն ունի. մեկը երգեր է գրում, մյուսը` բանաստեղծություններ, մեկը դիզայներ է, մյուսը` նկարիչ: Նրանց՝ իրենց ապագան ու նորմալ առօրյան կառուցելու համար, ընդամենը նախկինում տրվող դեղերն են պետք: Նրանք մեր հասարակության մի մասնիկն են, նրանք իրավունք ունեն ապրել այնպես, ինչպես մյուսները: Նրանց պարզապես մի փոքր ագրեսիվությունն է խանգարում, ինչն էլ հնարավոր է կարգավորել եվրոպական չափանիշներին համապատասխանող դեղեր հատկացնելով, սակայն մեր պետության ղեկավարներին դա քիչ է մտահոգում. բա մարդկանց առողջության հաշվին խնայողություններ չարվե՞ն, բա գումար չտնտեսե՞ն սեփական կարիքները հոգալու և հաճույքների համար…

 

Տեսանյութեր

Լրահոս