Բաց նամակ Հովիկ Աբրահամյանին. Անորակ դեղամիջոցի պատճառով այժմ բազմաթիվ մարդկանց առողջական վիճակը կտրուկ վատացել է
Հարգելի պարոն Աբրահամյան,
Ձեզ դիմում ենք հոգեկան առողջության խնդիրներ ունեցող բազմաթիվ այն մարդկանց անունից, ովքեր այժմ ծանր վիճակում են գտնվում պետական գնումների արդյունքում ձեռք բերված և տրամադրվող անորակ հոգեմետ դեղորայքի պատճառով:
Պետական գնումների միջոցով դեռևս 2013 թվականի աշնանը ձեռք է բերվել դեղորայք, որը, ի տարբերություն նախկին դեղամիջոցի, որևէ դրական ազդեցություն չի գործել պետության հոգածության ներքո գտնվող և անվճար դեղորայք ստացող մեր շահառուների առողջական վիճակի վրա, իսկ որոշ դեպքերում նույնիսկ բացասական հետևանքներ է առաջացրել:
Խնդրի վերաբերյալ մի քանի անգամ դիմումներ են ներկայացվել առողջապահության նախարարություն, այդ թվում` ներկայիս նախարար Արմեն Մուրադյանին, սակայն պատասխանատու գերատեսչության տարբեր ստորաբաժանումների ղեկավարներից ստացված պատասխանները միշտ եղել են նույնաբովանդակ, ինչը առաջացրել է առանց այդ էլ դժվար կացության մեջ հայտնված այդ մարդկանց և նրանց հարազատների հիասթափությունն ու դժգոհությունը: Առողջապահության նախարարությունն ամեն անգամ տվել է նույն անընդունելի պարզաբանումն այն մասին, որ դեղորայքը ձեռք է բերվել գնումների մասին օրենսդրությանը համապատասխան, և նախապատվությունը տրվել է ամենամատչելի գին ունեցող դեղամիջոցին:
Այդ անորակ դեղամիջոցի պատճառով այժմ բազմաթիվ մարդկանց առողջական վիճակը կտրուկ վատացել է, և նրանց ստիպված տեղավորել են հոգեբուժական հաստատություններում` ստացիոնար բուժման: Մի՞թե այս եղանակով է պետությունը հոգում իր քաղաքացիների մասին և գումար տնտեսում: Ընդ որում, այս խնդրի մասին քաջատեղյակ են նաև հենց հոգեբուժական հաստատություններում աշխատող բժիշկ-մասնագետները, ովքեր իրենց աշխատանքը կորցնելու կամ այլ մտավախությունների պատճառով խուսափում են բարձրաձայնել այդ մասին: Այս ցավալի խնդրով դիմել ենք նաև Մարդու իրավունքների պաշտպանին, ով, ուսումնասիրելով այն, հորդորել է լուծում տալ դրան, սակայն մինչ օրս առողջապահության նախարարությունը ոչ մի քայլ չի ձեռնարկել այդ ուղղությամբ:
Խնդրում ենք Ձեր անմիջական հանձնարարականը խնդիրը կարգավորելու վերաբերյալ, որը հնարավոր է բացառապես ցածրորակ, անօգուտ դեղորայքը շրջանառությունից հանելու և դրա ձեռքբերման վրա պետական միջոցների վատնումը բացառելու ճանապարհով:
«Հոգեկան առողջության վերականգնման հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպություն