Բաժիններ՝

ՀՀ նախագահի ճապոնացի մրցանակակիրը գիրք է գրում Հայաստանի ՏՏ ոլորտի հեռանկարի մասին. armenpress.am

Տեղեկատավական տեխնոլոգիաների ոլորտում համաշխահային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակին արժանած հեղինակությունները կապը Հայաստանի հետ չեն ընդհատում եւ անգամ գիրք են ձոնում Հայաստանին ու նրա ՏՏ ոլորտի ներուժին: Այս մասին ՀՀ նախագահի նստավայրում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Նախագահի աշխատակազմի ղեկավար, նշյալ մրցանակաբաշխության կազմկոմիտեի նախագահ Վիգեն Սարգսյանը: «Այս մրցանակաբաշխության գաղափարախոսության մեջ շատ կարևոր է, որ մրցանակակիրը պետք է ժամանի Հայաստան, որպեսզի մրցանակը ստանա: Ընդհանրապես այս մրցանակի հիմնական նպատակը Հայաստանն ավելի ճանաչելի դարձնելն է միջազգային ՏՏ ասպարեզում: Այն մարդիկ, ովքեր մեծ փորձ ունեն, Հայաստան գալով, կարողանում են կիսվել իրենց փորձով, ոգևորել մեր երիտասարդներին: Յուրաքանչյուր մրցանակակիր անցկացնում է դասախոսություններ, հանդիպում ՏՏ ոլորտի հայաստանյան շրջանակների հետ և դա ունենում է մեծ ազդեցություն»,- ասաց Վիգեն Սարգսյանը:

Նրա տեղեկացմամբ` նախորդ մրցանակակիրներից Ֆեդերիկո Ֆաջինը, ով «Synaptics» ընկերության նախագահն է, ցանկություն է հայտնել գալ Հայաստան ու ներկա գտնվել այս տարվա մրցանակաբաշխությանը, ինչպես նաև շարունակել դասախոսություններն ու հանդիպումները: ««Հիտաչի» ընկերության նախկին գործադիր տնօրեն Ցուգիո Մակիմոտոն էլ ասել է, որ կցանկանար ժամանել Հայաստան, բայց գերծանրաբեռնված է, որովհետև ի թիվս այլ բաների, սկսել է գիրք գրել Հայաստանի ու երկրի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հեռանկարի ու ներուժի մասին: Սա վկայությունն է նրա, որ մրցանակն աշխատում է այն տրամաբանության մեջ, ինչի համար այն ստեղծվել է»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` հավաստեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը:

Խոսելով միջազգային տարբեր հարթակներում Հայաստանի ճանաչելիության ու դերի բարձրացման վերաբերյալ` Վիգեն Սարգսյանը կարևոր մրցանակաբաշխությունների թվում նշեց նաև երիտասարդական մրցանակը, որը տրվում է ՏՏ ոլորտում ցուցաբերած արդյունքների համար լավագույն դպրոցական և բուհական ներկայացուցիչներին, ինչպես նաև աստղագիտության ոլորտում ներդրման համար Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի մասին: «Վերջինը շատ բարձր ու պատվաբեր մրցանակ է համարվում: Երկու տարին մեկ անգամ Հայաստանը դառնում է միջազգային աստղագիտության կենտրոն, իսկ մրցանակաբաշխությունն անցկացվում է Վիկտոր Համբարձումյանի ծննդյան օրը` ևս մեկ անգամ ընդգծելու նրա դերը միջազգային աստղագիտության զարգացման գործում»,-շեշտեց Վիգեն Սարգսյանը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս