Բաժիններ՝

«Ներքին ռումբերը» սպառնում են սահմանամերձ Բերդավանի կայունությանը

tesankyun.am-ը գրում է.  Սահմանամերձ Բերդավանի բնակիչները հաճախ են անհանգստանում ՝ տեսնելով գյուղ մտնող շտապ օգնության մեքենան: Բերդավանի 33-ամյա բնակչուհի Նազելի Աթոյանը սեպտեմբերի 11-ին հերթական անգամ ինքն իրեն վնասել է՝ կտրելով ձեռքի դաստակը:

Նա իրեն վնասել է նաեւ երեկ եւ դրա նախորդ օրը: Այսօրվա կտրվածքն ավելի խոր է եղել, թեեւ չի հասել երակին: Վերքը վախեցրել է մի քանի տասնյակ անգամ իր դաստակը կտրած Նազելիին: Նա այս անգամ եղել է սթափ վիճակում, թեեւ սովորաբար ինքնավնասում է ոգելիցի ազդեցության տակ: Նազելին գտնվում է հոգեկան անհավասարակշիռ վիճակում, մեկ խնդրում է իրեն բուժման ուղարկել, մեկ՝ դրան ընդդիմանում:

Բերդավանի գյուղապետ Արարատ Գաբրիելյանն ասաց, որ Նազելի Աթոյանի անձնագիրը ժամկետանց է, այսօր ինքը եղել է Նոյեմբերյանի անձնագրային բաժնում,որպեսզի անձնագրին փոխարինող 9-րդ ձեւով նրան ուղարկեն Երեւանի Ավան թաղամասում գտնվող հիվանդանոց՝ ալկոհոլիզմից կախվածությունը բուժելու համար: Գյուղապետը Նազելի Աթոյանին օգնելու գործում կարեւորեց Բերդավանի գյուղապետարանի, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի եւ Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի համագործակցությունը:

Բերդավանի բնակիչները մեզ հայտնեցին, որ սահմանամերձ գյուղի ներքին կայունությանը սպառնալիք է Ալավերդու տարածաշրջանից Բերդավանում վերաբնակված Արթուր Թորոսյանի եւ նրա հորեղբոր որդու՝ Երվանդի ագրեսիվ վարքը: Նրանք 2013թ. հուլիսի 5-ին ոգելից խմիչքների ազդեցության տակ հայհոյանքներ են հնչեցրել, խուլիգանություն են կատարել բերդավանցի Սարգիս Սեւինյանի նկատմամբ՝ նրա մարմնի տարբեր մասերին հասցնելով վնասվածքներ:

Արթուր Թորոսյանը հավաքված բերդավանցիների ուղղությամբ նետել է մետաղյա խողովակ՝ որից Աիդա Սեւինյանի ոտքը կոտրվել է: 2013թ. դեկտեմբերի 12-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը Արթուր Թորոսյանին դատապարտել է 5, Երվանդ Թորոսյանին՝ 4 տարի 8 ամիս ազատազրկման: Նրանց պաշտպանը բողոքարկել է այդ վճիռը, 2014թ. ապրիլի 9-ին ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը բավարարել է բողոքը եւ գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության: Հիմա այդ գործը քննվում է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում:

Բերդավանցիները տարակուսած են, թե ինչպես կարելի էր նախկինում, դեռեւս մինչեւ Տավուշի մարզի առաջին ատյանի դատավճիռը, դատված Արթուր եւ Երվանդ Թորոսյանների նկատմամբ խափանման միջոց կիրառել ոչ թե կալանքը, այլ՝ չհեռանալու վերաբերյալ ստորագրությունը:

Բերդավանի բնակիչները ասացին, որ նրանք մի քանի օր առաջ Թորոսյաններն անսթափ վիճակում կրկին ագրեսիվ վարք են ցուցաբերել, կռիվ հրահրել: Վերջերս Երվանդ եւ Արթուր Թորոսյաններին Ալավերդուց միացել, Բերդավանում վերաբնակվել է նրանց բարեկամ մի տղամարդ: Հայ-ադրբեջանական հակամարտության տարիներին բերդավանցի ազատամարտիկները մեծ մասնակցություն են ցուցաբերել, քաջություն ցուցաբերել:

Բերդավանցիներն ասում են, որ եթե Թորոսյանները շարունակեն իրենց ագրեսիվ վարքը, սահմանամերձ գյուղի բնակիչների նյարդերը կարող են տեղի տալ, եւ նրանք կարող են պատասխան կոշտ միջոցներ ձեռնարկել:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս