
Ռուբեն Հակոբյանը համաձայն է Գագիկ Ծառուկյանի հետ

«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հարցազրույցը ճիշտ շեշտադրումներ է պարունակում, որ սահմանադրական փոփոխությունների կարիք այսօր չկա և կա մտահոգություն, որ այսպես շարունակել չի կարելի»,- նման տեսակետ այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտնեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը: «Քաղաքական շեշտադրումներն այսօր արդիական են: Այլ հարց է, թե ինչ մեխանիզմներ պետք է որդեգրել և ինչը՝ ինչպես պետք է իրականացվի:
Մնում է՝ ճիշտ գործիք գտնել, որ իրականացվի»,- ասաց նա: Հակոբյանը նշեց, որ քառյակը եռյակի վերածվելու մասին ձևակերպում չի տեսել Ծառուկյանի հարցազրույցում. «Քառյակը միշտ օրակարգային հարց դարձնում է այն հարցերը, որոնք բոլորի կողմից միասնական ընդունվում են»:
Նա նորմալ համարեց այն, որ սահմանադրական բարեփոխումների հարցով քաղաքական ուժերը տարբերվող մոտեցում կարող են հայտնել: «ՀՅԴ-ն վերջնական չի ասել՝ աջակցում է դրան, թե ոչ:
Նրանք ունեն որոշ հայեցակարգային պայմաններ, որ դեռ քննարկման փուլում են: Ես՝ որպես քաղաքացի և քաղաքական ուժի ներկայացուցիչ, շատ եմ կարևորում, որ քառյակն իր աշխատանքը շարունակի, որն այն քաղաքական միավորն է, որ առանց մայդանների կարող է իրավիճակ փոխել և ժողովրդի մեծամասնությանը համախմբել ու ուղղորդել դեպի փոփոխություններ»: