Աղվան Վարդանյան. Քառյակի որոշ ուժեր, բացի ՀԱԿ-ից, հակվում են ՀՅԴ դիրքորոշմանը
«Այսօր գոյություն ունեցող համակարգը, երբ նախագահը և քաղաքական մեծամասնությունը նույն թիմից են, ունենք գերնախագահական համակարգ: Այն բովանդակային և գործառնական առումով խնդիրները լուծում է ի շահ ՀՀԿ-ի: Սահմանադրական բարեփոխումները պետք է շատ խորը, տվյալ ժողովրդի հոգևոր ու մշակութային փորձից բխող բովանդակություն ունենան»,- այսօր Աժ խումբ-խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀՅԴ քարտուղար Աղվան Վարդանյանը:
Նրա կարծիքով՝ յուրաքանչյուր իշխանություն փորձելու է վերարտադրվել, բայց ՀՅԴ պատկերացրած փոփոխությունները նվազեցնելու են այդ հնարավորությունը և վերարտադրվելը շատ ավելի դժվարանալու է. «Եթե մեխանիզմները ճիշտ դրվեն, դա տարիների ընթացքում կբերի զգալի փոփոխությունների»:
Ա.Վարդանյանը հայտարարեց, որ ՀՅԴ-ն սահմանադրական բարեփոխումների շուրջ չի համագործակցում իշխանությունների հետ: Ըստ նրա՝ ՀՅԴ-ն ունի իր պատկերացումները, որոնք նոր չեն, իսկ այս փուլում աշխատում է մասնագիտական խումբը, որը սեպտեմբերի 19-21-ը քննարկելու է փոփոխությունները Վենետիկի հանձնախմբի հետ և հայեցակարգը կներկայացվի հանրությանը:
Ա.Վարդանյանը նշեց, որ սահմանադրական բարեփոխումներին կողմ ուժերին առաջարկվում է մշակել սեփական փաթեթը: Ըստ նրա՝ քառյակի որոշ ուժեր, բացի ՀԱԿ-ից, որի հետ դիրքորոշումները տարբեր են, հակվում են ՀՅԴ դիրքորոշմանը, և դա է վկայում նաև երեկ Գ.Ծառուկյանի հարցազրույցում այն միտքը, որ փոփոխություններին կծանոթանան, նոր կարծիք կհայտնեն, մինչդեռ ԲՀԿ-ականները դեմ էին արտահայտվում նախկինում. «Մեր ասածն էլ այն է, որ ինչն է խանգարում տեսնելուն զուգահեռ մշակել մերը: Քառյակի մյուս ուժերը մոտենում են մեր տեսակետին: Անկախ ամեն ինչից մեր տեսակետները շարադրելու և դնելու ենք եղանին: Ի վերջո հայեցակարգը նախանշելու է հիմնական խնդիրներն ու լուծումները»:
«Քառյակի առանձնանալու, հարաբերությունները սառեցնելու խնդիր չունենք: Վերջին շրջանում շատ է խոսվում քառյակի բաժանման մասին, բայց ես խորապես համոզված եմ, որ մեր գործընկերներն էլ ներքին համոզմունք ուեն, որ ՀՅԴ դերակատարությունն այս բոլոր պրոցեսներում էական է և վճռական է: Ու որևէ պրոցեսի մեջ առանց Դաշնակցության ավելի դժվար է լինելու»,- հավելեց Ա.Վարդանյանը:
Անդրադառնալով Գագիկ Ծառուկայնի հարցազրույցում արծարծված ընտրությունների թեմային՝ Ա.Վարդանյանը նշեց, որ ընտրություններին նախապատրաստվելը սկսվում է ընտրությունների հաջորդ օրը և այսօր պարարտ հող է այդ կարգի աշխատանքների համար: