Ինչ վերաբերում է ֆիզիկական անձանց, ապա ԵՄ-ի նոր պատժամիջոցների տակ են ընկել ԴԺՀ-ի վաչապետ Ալեքսանդր Զախարչենկոն, ռուս պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին, «Ռոստեխ» պետական կորպորացիայի ղեկավար Սերգեյ Չեմեզովը և այլք: Դրանով իսկ ԵՄ-ի «սև ցուցակում» ընդգրկվածների թիվը հասել է 119 մարդու:
ԵՄ-ը հրապարակել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ն այսօր հրապարակել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը: Սահմանափակիչ միջոցներն առնչվում են Ռուսաստանի ֆինանսական, նավթարդյունաբերական ու պաշտպանական մի շարք կառույցների, ինչպես նաև մի շարք ֆիզիկական անձանց:
ԵՄ-ը, մասնավորապես, արգելել է վարկեր տրամադրել ռուսական էներգետիկ երեք ընկերության՝ «Ռոսնեֆտին», «Տրանսնեֆտին» ու «Գազպրոմնեֆտին»: Բացի այդ, ԵՄ-ը սահմանափակել է դրանց պարտատոմսերով գործարքներ կատարելը և այդպիսի արժեթղթերի թողարկմանը մասնակցելը:
Պատժամիջոցներն առնչվել են նաև պաշտպանական երեք խոշորագույն կոնցեռնի՝ «Ուրալվագոնզավոդ», «Օբոռոնպռոմ» և «Ավիաշինական միացյալ կորպորացիա»: Բացի այդ, ԵՄ-ի պատժամիջոցների ցուցակում են ընդգրկվել պաշտպանական մի շարք ձեռնարկություններ, ինչպիսիք են «Սիրիուսը», «Ալմազ-Անթեյը», «Կալաշնիկովը» և այլն:
Արգելվել է այդ ընկերություններին երկակի նշանակության եվրոպական տեխնոլոգիաների մատակարարումը: Պատժամիջոցներն առնչվել են նաև ֆինանսական կառույցներին: Սահմանափակուներ են մտցվել ռուսական հինգ բանկի՝ «Սբերբանկ», «ՎՏԲ», «Գազպրոմբանկ», «ՎԷԲ», «Ռոսսելխոզբանկ», նկատմամբ՝ կապված փոխառություն տրամադրելու ու ներդրումային ծառայություններ ցուցաբերելու հետ: